«Արեգը միշտ ասում էր՝ ընկերովի մահը հարսանիք է․ 6 ընկերներով միասին զոհվել են»

32-ամյա Արեգ Բորիկի Ազարյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, որ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Արեգը Սյունիքի մարզի Նժդեհ գյուղից էր, ամուսնացած էր, 4 մանկահասակ երեխաների հայր։

Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրն էր զինկոմիսարիատից ծանուցում ստացել, սեպտեմբերի 29-ին արդեն առաջնագծում էր՝ Մարտունի 2-ում։ Ինչպես նրա կինը՝ Հերիքնազ Աղաջանյանը, 168am-ի հետ զրույցում պատմեց, Արեգը չէր կարողացել առաջնագիծ մեկնելու մասին անձամբ հայտնել ընտանիքի անդամներին, հարևաններից մեկին էր խնդրել դա անել․

«Ասել էր՝ մենք չաստում ենք մնալու, բայց հետո մեր հարևանը եկավ, ասաց՝ Արեգը գնացել է, ասել է, որ ես գամ ձեզ ասեմ, ինքը չի կարողացել ձեզ ասի, որ գնում է․․․ Գնում է Մարտունի երկրորդ»։

Առաջնագիծ հասնելուն պես Արեգը զանգել էր կնոջը, տեղեկացրել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Պատերազմի  օրերին էլ կնոջ հետ հաճախ էր կապ հաստատում, վստահեցնում, որ իրենց մոտ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա․

«Ամեն անգամ, երբ զանգում էր, ասում էր՝ մեր մոտ լավ է, ասում էր՝ հակառակորդին պասիլկեք ենք ուղարկում։ Մի օր էլ այնքան շատ վախեցանք, զանգեց, խոսեցինք, ասաց՝ լավ, անջատի, պասիլկա ունենք, ընդունենք, կզանգեմ։ Այդ օրը չզանգեց, այնքան անհանգիստ էինք։ Հետո որ զանգեց, ասացի՝ ախր զանգեցիր, անհանգիստ թողեցիր, հետո էլ չզանգեցիր, այնքան անհանգիստ էինք, ասաց՝ արխային, մեր մոտ ամեն ինչ լավ է»։

Արեգը հոկտեմբերի 20-ի առավոտյան, երբ վերջին անգամ զանգել էր կնոջը, տեղեկացրել էր, որ տուն է գալու, խնդրել էր՝ երեխաներին այդ մասին չասել, անակնկալ էր ուզում լիներ․

«Ասաց՝ դե, իրկունը տանն ենք լինելու։ Ուրախացել էինք, երեխեքին չէի ասել, միայն հորքուրին էի ասել՝ գիտես, չէ՞, Արեգը գալու է այսօր․ շատ էինք ուրախացել, պատրաստվել էինք։ Արեգն այդ օրը չզանգեց, հաջորդ օրը գյուղապետն իր ընկերոջ հետ եկավ մեր տուն, ասաց՝ Արեգենք 6 հոգով փախել են, շատ անհանգիստ էի, ասացի՝ երեկ ենք խոսել, ասաց՝ ամեն ինչ լավ է մեր հետ, գալու ենք։ Հետո երեկոյան տալիս ամուսինն ու քավորը եկան, ասացին՝ Արեգը ծանր վիրավոր է․ շատ տեղեր ենք զանգել, հետաքրքրվել, բայց Արեգից լուր չունեինք։ Ամսի 22-ի առավոտյան կրկին եկել են, ասել, որ Արեգն էլ չկա, Արեգը զոհվել է․․․»։

Ինչպես ավելի ուշ Արեգի հետ նույն դիրքում թշնամու դեմ կռիվ տված և հրաշքով փրկված տղաներն են պատմել, Արեգը ջոկատի մյուս տղաների հետ պատվով է կատարել իր առջև դրված մարտական առաջադրանքը, 3000 արկ են կրակել, բոլորն էլ՝ ճշգրիտ, ցավոք, հոկտեմբերի 20-ի գիշերը սարսափելի դեպքը տեղի ունեցավ՝ հակառակորդի ավիացիայի կրակոցի հետևանքով 6 հոգի զոհվեց․

«Իր ծառայակից ընկերները, որ իր հետ են եղել և ողջ են մնացել, ասում էին՝ արդեն զենքերը հանձնած են եղել, որ արդեն պետք է գան, թե ինչպես  է ինքնաթիռը խփել, շատ ուժեղ հարված, այնպես, որ հողը շուռ է տվել, և իրենք մնացել են այդ հողի տակ։ Ձեռքով չեն կարողացել հանել, առավոտյան տրակտոր են տարել, հանել են․ իրենք վնասվածք չեն ունեցել, ուղղակի այդ ճնշումը շատ ուժեղ է եղել, որ միանգամից 6-ն էլ զոհվել են իրար հետ»։

Արեգը ժամկետային զինծառայող էր, երբ նրա եղբայրը 27 տարեկանում մահացել էր։ Զորացրվելուց անմիջապես հետո ամուսնացել էր, ունեն 4 մանկահասակ երեխա՝ 2 տղա և 2 աղջիկ, և իր բոլոր նպատակներն ու երազանքները կապված էին երեխաների հետ․

«Ուզում էր մի հատ մեծ տուն ունենար Սիսիանում, որ իր 2 տղաներն իրարից հեռու չապրեին, 2-ն էլ մի տանն ապրեին, թեկուզ և կողք կողքի լիներ, ինքն իր ուժերով ստեղծեր այդ տունը, որ իր 2 տղան կողք կողքի, մեջք մեջքի տային։ Ինքն ասում էր, որ՝ եղբայրս մահացել է․․․ եղբայր չունի, բայց իր տղաները պետք է միշտ միասին լինեն, ինքը ոնց մենակ տանջվել է՝ չի ուզում իր տղաներն էլ նույն ձևով չարչարվեն։

Ինքը բնավորությամբ շատ լավն էր, շատ բարի սիրտ ուներ։ Շատ լավ հայր է եղել, երեխաներին ոչ մի բանից կարոտ չի թողել․․․

Արեգը միշտ ասում էր՝ ընկերովի մահը հարսանիք է, և այդպես 6 ընկերներով միասին զոհվել են, նույն տեղն էլ հողին են հանձնել․․․»։

Արեգ Ազարյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 23-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում։

Տեսանյութեր

Լրահոս