«Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ, իսկ կարգավիճակը ենթադրում է մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ Արցախի տարածքային ամբողջականությունը»․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ իր նստավայրում հյուրընկալել էր տեղահանված բնակավայրերի բնակիչներին: Հադրութցիների հետ հանդիպման ընթացքում Հարությունյանը հայտարարել էր, որ բանակցային դաշտում շարունակելու են պայքարը․

«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվելու է, իհարկե, խաղաղ ճանապարհով, բանակցային եղանակով, որպեսզի մենք կարողանանք ետ բերել գոնե մեր կորցրած ԼՂԻՄ-ի տարածքները»։

168.am-ը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատկերացնում՝ բանակցային եղանակով ետ բերել ԼՂԻՄ-ի տարածքները, երբ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, որ Արցախի հարցը լուծված է։

«Ալիևի հայտարարությունը հակասում է այն հայտարարություններին, որ հնչել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդների շուրթերից։ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ, իսկ կարգավիճակը ենթադրում է մի շարք այլ հանգամանքներ այդ թվում նաև՝ Արցախի տարածքային ամբողջականությունը»։

Հարցին՝ արդյոք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից մինչև այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ արվե՞լ է, ԱՀ նախագահի խոսնակը պատասխանեց․

«Արցախն ընտրել է խաղաղության ճանապարհը, և ամեն ինչ արվելու է, որպեսզի մենք այդ ճանապարհին ունենանք առավելագույնը։ Դուք մոռանում եք, որ նոյեմբերյան հրապարակված փաստաթուղթն ընդամենը հայտարարություն է…»։

Ավանեսյանին մեկ անգամ էլ նույն հարցն ուղղեցինք՝ առ այսօր որևէ քայլ արվե՞լ է բանակցային եղանակով ետ բերել ԼՂԻՄ-ի տարածքները, սակայն նա կարճ պատասխան տվեց․ «Այդ հարցը չեմ մեկնաբանում»։

Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե Արցախի նախագահի նման հայտարարություններն արդյո՞ք նոր պատերազմի վտանգ չեն ստեղծում, ինչին նա պատասխանեց, որ Արցախն ընտրել է խաղաղության ճանապարհը, ու բոլոր քայլերն արվելու են՝ հաշվի առնելով այդ ընտրությունը, նաև հաշվի առնելով բոլոր խորխորատները, որ կարող են լինել այդ ճանապարհին։

Տեսանյութեր

Լրահոս