«Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել. վախն ամենաարդյունավետ գործիքն է բնակչության վրա ներազդելու համար». Գևորգ Գրիգորյան
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավարակը նոր թափ է առնում, այսօր ունեցել ենք կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, միայն թե կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում հրապարակված թվերին: Այսօր առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են, որովհետև մինչև մայիս Covax facility-ի կողմից ստանալու են AstraZeneca ընկերության արտադրած և բազմաթիվ երկրներում արդեն մերժված պատվաստանյութի 124.800 դեղաչափ: Իսկ դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները զուտ ուշադրություն շեղելու համար են… ինչքան փող էլ կպավ՝ կպավ…Ստեղծվում է արհեստական պահանջարկ, որպեսզի իրացվի պատվաստանյութը»:
Այս գրառման, «կորոնավիրուսի տարածման «կոճակը» սեղմելու, պատվաստանյութի ձեռքբերման և դրա արյունավետության մասին 168am-ը զրուցել է բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ:
– Ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, որ «կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են», ո՞րն է նպատակը:
– Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել, իրացման խնդիր կա, իսկ վախն ամենաարդյունավետ գործիքն է բնակչության վրա ներազդելու համար, որ հետագայում՝ հենց կարողանան պատվաստանյութը բերել, սկսեն աջ ու ձախ պատվաստել: Կա նաև երկրորդ տարբերակ. դա քաղաքական գործընթացներն են, որովհետև օր օրի «Հայրենիքի փրկության շարժումը» թափ է հավաքում, ու իրենք փորձում են դրանով, թվեր նկարելով, այսպես ասած, մեղքը բարդել նրանց վրա: Այդ երկու հիմնական տարբերակներն են, որոնցով պայմանավորված է այս ամենը, այլ տարբերակ չկա, որովհետև առաջին ալիքի, երկրորդ ալիքի, երրորդ ալիքի, ամեն ալիքի համար պետք է նպաստավոր պայմաններ լինեն, որ թվերը շատացնեն: Հիմա, եթե ինձ ցույց տան մի հատ նոր հայտնված գործոն, որի հետևանքով մեզ մոտ կարող էր ավելանալ այդ թվերը, ես կընդունեմ դա, բայց որևէ այդպիսի արտառոց գործոն չի եղել: Հենց սա է պատճառը, որ ինձ մոտ նման համոզմունք կա:
– Իսկ ինչպե՞ս են «նկարվում» թվերը, կրկնակի թեստավորումնե՞ր են արվում, շատ թեստե՞ր են անում վարակման մեծ թվեր ցույց տալու համար, թե՞ ուղղակի գրում են թվերը:
– Ուղղակի ասում են, որ այսքան մարդ է հայտնաբերվել: Օրինակ, ասում են, որ այսօր կորոնավիրուսով վարակված 818 մարդ է հայտնաբերվել, Դուք այդ մարդկանց տեսե՞լ եք, ճանաչո՞ւմ եք, ո՞վ է ճանաչում: Մենք տեսնում ենք թվեր, չենք տեսնում մարդկանց: Այսինքն՝ հիմա ես կուզեմ, կհայտարարեմ, որ 4000 հոգի է վարակվել, կամ ասում են՝ արել ենք 2000 թեստ, կամ 4000 թեստ, թող ասեն՝ արել ենք 8000 թեստ, 5000 հոգի է հայտնաբերվել, և՞, դրանից ի՞նչը փոխվեց: Մարդիկ իմ շրջապատում նույն տեմպերով հիվանդանում, լավանում են, այսինքն համատարած հիվանդացություն ես դեռևս չեմ տեսնում:
– Իսկ չի կարո՞ղ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճն ունենալ բնական պատճառներ:
– Ո՞րն է բնական պատճառը:
– Օրինակ՝ այս սեզոնին ակտիվանում են սուր շնչառական հիվանդությունները, չի կարո՞ղ կորոնավարակը ևս ակտիվանալ:
– Տարբերակենք, սուր շնչառական վարակը, այլ սեզոնային վարակները կորոնավիրուս չեն, այլ բան է, որ հիվանդացությունն է շատացել մարդկանց ընդհանուր սեզոնային վարակներով, այլ բան է, եթե շատացել է կորոնավիրուսով հիվանդացությունը: Ես չեմ կարող թոքաբորբն ու ինֆարկտը իրար հետ նույն հարթության մեջ դնել, դրանք տարբեր հիվանդություններ են, նույնը գրիպը և կորոնավիրուսը, տարբեր հիվանդություններ են: Ինչի՞ց դրդված պետք է ակտիվանա կորոնավիրուսը: Մեր բնակչության զգալի մասն արդեն տարել է կորոնավիրուս, այսինքն՝ հակամարմիններ ունեն զգալի մասը, և այս հակամարմինները, որոնք կարող են առաջանալ թե՛ հիվանդությունը տանելու հետևանքով, թե՛պատվաստման հետևանքով, արդեն իսկ պաշտպանում են մարդուն կրկնավարակից, շատ քիչ դեպքեր են հանդիպում կրկնավարակի: Հիմա եթե մեզ մոտ այդքան մարդ տարել է, այդ նույն կոնտինգենտն է, որը գնում է աշխատանքի, սրճարաններ, հանրահավաքների, այդ նույն մարդկանց երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ հավանականությունը նվազում է տանելու: Մի օրինակ բերեմ՝ երբ երկրորդ ալիքը, պիկը եղավ, դա նոյեմբերի 8-11-ի միջակայքն էր, այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ Արցախյան պատերազմի վերջն էր արդեն, կապիտուլյացիան էին ստորագրել, մարդիկ մեծ քանակությամբ հետ էին գալիս Երևան, այսինքն՝ դա կարող էր գործոն լինել, որ մարդիկ վարակված են եղել, եկել են, շփումներ են եղել, ու վարակը տարածվել է, բայց հիմա ի՞նչն է նման կերպ նպաստել, որ այդ վարակը տարածվի, այսինքն՝ որևէ նոր գործոն, որը կնպաստեր վարակի տարածմանը, չկա: Տրամաբանական բացատրություն չկա, ուղղակի կա նախարարի հայտարարությունը, որ թվերն աճում են, և վերջ: Չմոռանանք, որ ըստ նույն նախարարի հայտարարության՝ հիմնական, ամենաէֆեկտիվ պատվաստանյութը, ոչ թե Սպուտնիկ V-ն (ՎԻ-ն) էր, այլ Սպուտնիկ 5-ը, դա է գիտելիքի մակարդակը, հետևաբար՝ որևէ լուրջ տեղ տալ նախարարի հայտարարությանը պետք չէ:
– Իսկ ի՞նչ նորություններ կան՝ կապված պատվաստանյութերի հետ, հատկապես AstraZeneca-ի, որը պատրաստվում է ձեռք բերել և ներկրել Հայաստանը:
– AstraZeneca-ն բազմաթիվ երկրներում արգելվել է, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ մեր Կառավարությունը որոշել է, որ Covax facility-ի կողմից տրամադրված 124.800 դեղաչափը պետք է ներկրեն Հայաստան, և այդ դեղաչափերը ներարկվելու են հիմնականում ծերանոցներում բնակվող մեծահասակներին, ովքեր, այսպես ասած, իրենց հարազատների առօրյա խնամքի տակ չեն, ինչ եղավ՝ եղավ: 70 % էֆեկտիվությամբ և բավականին լուրջ կողմնակի ազդեցություններով պատվաստանյութ է: