Ըստ ամենայնի, Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԳՇ պետ կդառնա մարտի 19-ին. Արամ Վարդևանյան

Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի միջնորդությունը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր հայտարարել է նախագահը:

«Հանրապետության նախագահը 2021թ. մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը եւ հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու եւ նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանին 168.am-ը հարցրեց, թե ի՞նչ է հետևելու այս հայտարարությանը, և ե՞րբ է Արտակ Դավթյանը դառնալու ԳՇ պետ։

Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ իր դիրքորոշումն այն է, որ եթե հանրապետության նախագահը նկատում է խնդիր, որն իր առարկություններով ներկայացնում է, ապա հենց Սահմանադրության տրամաբանությունն է հուշում, որ առարկության չհաղթահարման դեպքում ՀՀ նախագահը պետք է դիմի Սահմանադրական դատարան։

«Այն փաստը, որ վերջինս երկրորդ անգամ չի ստորագրում հրամանագիրը, նշանակում է, որ իր պատկերացմամբ այդ առարկությունները չեն հաղթահարել։ Բայց երկու դեպքում էլ փաստորեն, ըստ էության, գործ ունենք նախագահի անգործության հետ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով` սրա հետևանքը 5+3 ռեժիմն է, ինչպես Օնիկ Գասպարյանի դեպքում, որն իր մեջ ներառելու է նաև շաբաթ և կիրակի օրերը։

«Այսինքն` այս հայտարարությունից 8 օր հետո` ըստ ամենայնի մարտի 19-ին իրավունքի ուժով Արտակ Դավթյանը կդառնա ԳՇ պետ»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։

Տեսանյութեր

Լրահոս