«Կան մոտ 210  վնասված մասունքներ… այս պահին չեմ կարող ասել, թե որն է լինելու այդ մասունքների ճակատագիրը». Անահիտ Ավանեսյան

«Ցավոք սրտի, կան մարմիններ, մասունքներ, որոնք շատ վնասված են, դրանից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է»,- այսօր՝ կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման խնդրին։

Նախարարն ընդգծեց, որ մշտական կապի մեջ են նաև միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, և հիմա աշխատում են այդ բարդ փորձաքննությունների ուղղությամբ․

«Կան մոտ 210 մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել․ այս պահին չեմ կարող ասել, թե որն է լինելու այդ մասունքների ճակատագիրը»։

Դիտարկմանը, որ Մեծամորում «Սպայկա» ընկերության մեքենաներում դիակներ կան, առողջապահության նախարարը պատասխանեց, որ դա մեքենա չէ, այլ հատուկ սարքավորում, և դա պատկանում է Մեծամորի դիահերձարանին։ Ավանեսյանը, սակայն, հստակ թիվ չհնչեցրեց, թե այս պահին տվյալ սարքավորումներում քանի մարմին է պահվում․

«Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար, և այո, այնտեղ մարմիններ պահպանվում են։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա, հարցում ուղարկեք՝ կպատասխանեն»։

Նախարարի խոսքով՝ ԴՆԹ անալիզ են հանձնել մոտ 2400 քաղաքացի, մինչ օրս 2200-ից ավելի մարմինների ճանաչում է եղել, այս պահին 180 ծնող սպասում է պատասխանի․

«Ներկայումս ունենք փոքրաթիվ 210 փորձանմուշներ, որոնց հետ աշխատելը շատ բարդ է»։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս