
«Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ ստորագրած 40 հոգուն. բոլորի գլխին սարքելու է». Տիգրան Քոչարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը պնդեց, որ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ավելի վաղ պետք է քայլեր ձեռնարկեր՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Քոչարյանի խոսքով՝ եթե Օնիկ Գասպարյանը հիմա էլ քայլեր չձեռնարկի, դա կանի Նիկոլ Փաշինյանը:
«Օնիկ Գասպարյանը որոշակի քայլեր պետք է ձեռնարկեր պատերազմի 3-րդ օրը, երբ զգուշացրեց Փաշինյանին, որ չենք ձգում, և պետք է դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել պատերազմը, այն ժամանակ, երբ հոկտեմբերի 18-ին թե 19-ին Ռուսաստանը առաջարկեց կանգնեցնել, և այն ժամանակ դեռ Շուշիի հարց չկար, այդ ժամանակ Օնիկ Գասպարյանը պետք է ձերբակալեր Նիկոլ Փաշինյանին, նոյեմբերի 9-ին դա պետք է աներ, հիմա չգիտեմ՝ ինքը դի՞նջ է, թե՞ ուրիշ ձև էր մտածում, եկել է հասել էս վիճակին: Օնիկ Գասպարյանը պետք է, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչի, Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ Օնիկ Գասպարյանին, ո՛չ հայտարարության տակ ստորագրած 40 հոգուն: Բոլորի հետևից գալու են, բոլորի գլխին ինքը սարքելու է և տեսնելու է իրենց բանտում»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման նախագիծը չստորագրելուն՝ մեդիափորձագետն ասաց, որ շատերը մեղադրում են Սարգսյանին, սակայն ինքն այլ կերպ է մտածում:
«Միգուցե Օնիկ Գասպարյանը մտածում էր, որ նախագահն իրեն միանգամից կազատի, և ինքը կիսահերոսացած վիճակով կգնա թոշակի, իր հանգիստը կվայելի ու պատասխան չի տա ոչ մի բանի համար, նախագահը հետաքրքիր քայլ արեց, որ չստորագրեց ու ասեց՝ «դե, դավայ, ա-ն արել ես, բ-ն էլ արա, եթե ա-ն արել ես, բ-ն չես անելու, ինչի՞ ես ա-ն արել»: Այստեղ նախագահը, իմ կարծիքով՝ խորամանկ քայլ արեց, Օնիկ Գասպարյանին պատին դեմ տվեց, ասաց, որ ինձանով չես մաքրվելու, ճանապարհներ փնտրի»,- ասաց Քոչարյանը:
Մեդիափորձագետի կարծիքով՝ եթե Արմեն Սարգսյանը միանգամից ստորագրեր Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկած նախագիծը, բոլորը կասեին, որ նա «դավաճան է», իսկ Օնիկ Գասպարյանը լավն է:
«Ինքը չստորագրեց, և մենք տեսանք, որ 9 օր Օնիկ Գասպարյանը ոչինչ չի անում: Ես հույս ունեմ, որ նախագահը կուղարկի ՍԴ այս ամեն ինչը, բայց զինվորականներն ունեին 9 օր ու ոչինչ չեն արել»,- ասաց Քոչարյանը: