Իշխանությունները ցանկանում են գլխատել ԶՈՒ ողջ հրամկազմը՝ դիմադրության վերջին օջախը. Հայկ Նահապետյան
Այսօր Պաշտպանության նախարարության առջև հավաքվել են պահեստազորի սպաներ, ազատամարտիկներ, պարզապես քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին և անձամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որ պահանջում են Կառավարության հրաժարականը, քանի որ «Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և ավելին, «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այսօրվա հավաքի ընթացքում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց.
«Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր է անում, սահմանամերձ մեր գյուղերը, բնակավայրերն այլևս խոցելի են հակառակորդի համար, առաջնային թիրախն իրենց համար Սյունիքն է, բայց դրանով չեն բավարարվելու, անցնելու են Տավուշին, Վարդենիսին, Եղեգնաձորին, այդ մահաբեր ամպը մեր երկնքում է: Օրվա իշխանությունները որքանո՞վ են կարողանում համարժեք գնահատել և դիմագրավել այդ մարտահրավերներին: Նորություն ասած չեմ լինի, եթե գնահատեմ, որ դիլետանտ կառավարման հետևանքով կնքվեց խայտառակ կապիտուլյացիոն ակտը, և միակ օղակը, որն այսօր այդ կորուստներին փորձում է դիմագրավել, այդ սպառնալիքները փորձում է չեզոքացնել, դա զինված ուժերն են: Օրվա իշխանությունները ցանկանում են գլխատել Զինված ուժերի ամբողջ հրամկազմը: Պատահական չէ ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որին հետո միացան նաև զորամասերի հրամկազմերը, նրանք այսօր մեր թշնամու համար թիվ մեկ թիրախն են, դիմադրության միակ օջախն է մնացել»:
Պահեստազորի գնդապետն անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելուն՝ ասաց, որ այդ իշխանությունը նշանակումներ և հեռացումներ կատարում է զգացմունքներով, սեփական ցանկություններով և դիլետանտությամբ:
«Երբ ամբողջ աշխարհը՝ Ալիևից սկսած, հեգնում էին օրվա իշխանություններին ներկայացնող անձին՝ «Իսկանդեր» հրթիռի հետ կապված հերթական ցնդաբանությունը դուրս տալուց, Հայաստանի կողմից որևիցե արձագանք չեղավ, և քավության նոխազ նշանակվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այս անձանց համար պատասխանատու այդ պաշտոններում գտնվող անձինք օգտագործված թաշկինակի նման դեն են նետվում, իրենց իշխանության օրոք փոխվել է 2 ԳՇ պետ, ԱԱԾ մի քանի տնօրեն, հետախուզության վարչությունների պետեր, և այսօր Ադրբեջանի և Թուրքիայի համար մնացել է մեկ դիմադրության օջախ, դա ԶՈւ ԳՇ-ն է՝ իր հրամկազմով: Հայտնի հայտարարության մեջ շատ հստակ ընդգծվեցին այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև, նշվեց նաև այս իշխանությունների ո՛չ ադեկվատ, ո՛չ համարժեք գնահատումն ու խայտառակ կառավարումը, ուստի և մեր արտաքին թշնամիները, ձեռք ձեռքի տված ներքին թշնամու հետ, փորձում են ոչնչացնել դիմադրության վերջին օջախը: Մենք դա թույլ չենք տալու»,- ասաց Նահապետյանը: