Ինչպե՞ս է ՔԱԿ-ը Հայաստան տեղափոխելու արդեն քանդված, մասերի բաժանված «Բոինգը»

Հայկական «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի անհետացած ու Իրանում հայտնված «Բոինգ» օդանավի շուրջ խոսակցությունները ոչ մի կերպ չեն մարում:

Թեման անսպասելի զարգացումներ ունեցավ, Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ)  նախագահ Տաթևիկ Ռևազյանը hիմա էլ կասկածվում է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ՝ թեման մարելու նկատառումներով, և, բնականաբար, Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) ևս մեկ արձագանքն անխուսափելի էր:

«Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ»,- գրված էր ՔԱԿ հաղորդագրության մեջ:

Հավելել էին նաև, որ խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։

Հորդորել էին նաև հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից:

ՔԱԿ-ին հիշեցնենք, որ ապատեղեկատվության դեմ պայքարի համար կան դատարաններ, և հիասթափեցնենք նրանց՝ տեղեկացնելով, որ ամերիկյան «Բոինգն» արդեն մասերի է բաժանված՝ ըստ երևույթին քանդված վիճակում ավելի ապահով վաճառելու համար:

168.am-ի տեղեկություններով՝ նույնիսկ շարժիչներն են հանել, և հետաքրքիր է՝ ՔԱԿ-ն այդ ինքնաթիռն ինչպե՞ս է տեղափոխելու Հայաստան՝ քարշակ են կապելու, որ այդպես բերե՞ն, թե՞ շարժիչներ են տանելու Իրան:

Տեսանյութեր

Լրահոս