«Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը իր համար դավաճան չէ՝ թշնամի է:

«Դեռ 2.5 տարի առաջ, երբ ինքը եկավ, ես ասում էի, որ դա ոչ թե լավ կամ վատ վարչապետ է, դրսի ուժերը, օգտվելով մեր ժողովրդի բնական ցանկությունից՝ արդարության, մաքրության, օրինականության, կարողացան գրավել Հայաստանը: Հայաստանը գրավյալ երկիր է: Արցախը գրավված է զորքով, Հայաստանը գրավված է մեր անմեղության, «նայիվության» և իրենց ճկնության շնորհիվ: Եթե երկիրդ գրավել է թշնամի, ուրեմն իր դեմ պայքարելու բոլոր ձևերը օրինական են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք ընտրեցին քաղաքական ճանապարհը:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, Փաշինյանն օգտագործելով բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները, կարողացել է հավաքել 15 հազար մարդ, ինչն, ըստ Մանուկյանի՝ ցույց է տալիս, որ Փաշինյանի առաջին հենարանի հարցն արդեն լուծվել է՝ ժողովուրդը Փաշինյանի հետ չէ:

«Երկրորդ հենարանը ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցները այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակը ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ թույլ չեն տալու երկրորդ անգամ կոտրել բանակը. «Կարևորն այն է, որ ոչ թե միայն մենք թույլ չենք տալու, այլ բանակը թույլ չի տա, բանակը հասկացել է, բանակում տղամարդիկ են»:

Նա ժողովրդին կոչ արեց դիմանալ համբերատար լինել. «Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն, մեզ պետք է հասունացած այդ ամենն ինքն իրեն լուծվի, դրա համար պետք է կամք, համառություն, հավատք: Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Պետք է կարողանանք մեր ասելիքը հասցնենք մարզերին: Շաբաթ օրը, 15:00-ին մեծ հանրահավաք կանենք, որ ցույց տանք՝ ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և նորից կշարունակենք գնալ առաջ: Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ: Այստեղ կա մոտ 5000 երիտասարդ, որ բողոքում են, ասում ենք՝ գնանք այս շենքը վերցնենք, այն շենքը վերցնենք, սպասեք, ձեր կարիքը կարող է զգացվել, բայց ավելի լավ կլինի՝ ձեր կարիքը չզգացվի»:

Տեսանյութեր

Լրահոս