
«Խմբակցությունում այդ հարցով դեռևս որևէ քննարկում չի եղել, ու ես չունեմ տեղեկություն, որը կարող եմ հնչեցնել». Արման Աբովյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, որի գաղափարը երեկ կրկին առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը:
«Վստահ եմ՝ որոշակի քայլեր կձեռնարկվեն այսօր և վաղը ձեր մատնանշած գործընթացը իրականություն դարձնելու համար»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ են անելու, եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմիանա արտահերթի վերաբերյալ անցկացվելիք խորհրդակցություններին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ո՞վ ասաց… Ես ձեզ մի բան ասեմ: Ես վստահ չեմ, որ այս փուլում Նաիրա Զոհրաբյանը լիովին ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»: Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ ասում է մեկ մարդ: Ես չեմ բացառում, որ այսօր-վաղը նման խոսակցություն կարող է տեղի ունենալ այդ մարդու հետ: Չգիտեմ՝ կարող է լինի հանդիպում կամ այլ ֆորմատ, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբոյանը, սակայն, 168.am–ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարության վերաբերյալ:
«Խմբակցությունում այդ հարցով դեռևս որևէ քննարկում չի եղել, ու ես չունեմ տեղեկություն, որը կարող եմ հնչեցնել»,- նշեց Արման Աբովյանը: