Պոլիտեխնիկական համալսարանը ռեկտոր չընտրեց. տեղի կունենա երկրորդ փուլ
Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանն այսօր ռեկտոր չընտրեց։
Ըստ բուհի կանոնակարգի` ռեկտոր ընտրվում է, եթե տվյալ անձը հավաքում է ձայների պարզ մեծամասնությունը, ինչը տեղի չունեցավ։
Առաջադրված էր թվով 6 թեկնածու՝ Պարգև Բալջյան, Նորայր Հարությունյան, Արամ Միքայելյան, Դավիթ Ղազարյան, Ամալյա Մխիթարյան, Գոռ Վարդանյան:
Թեկնածուներից երկուսը` Պարգև Բալջյանը և Արամ Միքայելյանը, եզրափակիչ ելույթի ժամանակ հանեցին իրենց թեկնածությունը։ Պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա էին 30-ը, մեկը մասնակցում էր հեռավար եղանակով:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Նորայր Հարությունյան 0
Դավիթ Ղազարյան 1
Ամալյա Մխիթարյան 13
Գոռ Վարդանյան 16
Քանի որ թեկնածուներից ոչ ոք 16+1 ձայն, այսինքն՝ մեծամասնության քվեն չէր ստացել, երկու շաբաթ անց տեղի կունենա բուհի ռեկտորի ընտրության երկրորդ փուլը, որին կմասնակցի ամենաշատ ձայներ հավաքած միակ թեկնածուն՝ բուհի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը: Այդ ընտրության ժամանակ նա ևս պետք է ստանա քվեների մեծամասնությունը:
Ընտրությունից հետո Գոռ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար կանխատեսելի չէր ընտրության նման ընթացքը, հետևաբար՝ կանխատեսումներ չարեց նաև երկրորդ փուլի մասին:
Վարդանյանի ելույթի ժամանակ ներկաներից մեկն ընդգծեց, որ նա երիտասարդ է և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Գոռ Վարդանյանը վստահեցրեց, որ տարիքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին, եթե դառնա ռեկտոր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում