Անվտանգության խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրության խայտառակ խմբագրումները
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ նիստին չեն մասնակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը:
Նիստից հետո Անվտանգության խորհուրդը տարածեց հաղորդագրություն էր, որ «օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում» (տառացի մեջբերում հաղորդագրությունից.- Ա.Ս.):
Կարճ ժամանակ անց, Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունը ենթարկվեց խմբագրման, ըստ որի, «ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն» (տառացի մեջբերում հաղորդագրությունից.- Ա.Ս.)։
Այսինքն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած առաջին հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀ նախագահը պարտավոր է ցուցաբերել համապատասխան մոտեցում, իսկ խմբագրված տարբերակում ասվում է, որ ՀՀ նախագահը ոչ թե պարտավոր է, այլ ունի Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն։
Սակայն ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնական հաղորդագրության խմբագրումներն այսքանով չեն ավարտվում։
Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության առաջին տարբերակում ասված է, որ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։
Եվ սա՝ այն դեպքում, երբ Անվտագության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունի։
Թերևս ինչ-որ մեկը Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, այնուամենայնիվ, հասկացրել է, որ ՀՀ նախագահին կոչ անելու իրավունք չունեն, ինչի արդյունքում՝ պաշտոնական հաղորդագրությունը կրկին խմբագրվում է՝ «կոչ անելը» դարձնում են «առաջարկում է»։