«Տիգրան Ավինյանը երեկ բեմում չի եղել, բայց հանրահավաքին մասնակցել է»․ մամուլի խոսնակ
Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրապետության հրապարակում հրավիրած հավաք-երթին ներկա էին իմքայլական պատգամավորներ, նախարարներ, իշխանական թևի այլ ներկայացուցիչներ, սակայն հրապարակում, համենայն դեպս՝ ինքնաշեն բեմի վրա, իշխանության մյուս ներկայացուցիչների հետ միասին, Փաշինյանի կողքին չէր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
168.am-ը փորձեց պարզել փոխվարչապետի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանից, թե ինչո՞ւ Տիգրան Ավինյանը ներկա չէր հանրահավաքին, իսկ հետո՝ նաև երթին, քանի որ նա ևս ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձություններին․
«Տիգրան Ավինյանը հանրավաքին ներկա է եղել, իսկ երթին չի եղել, քանի որ վարչապետը մասնակցում էր հանրահավաքին, փոխվարչապետն այդ ժամանակ իրականացնում էր աշխատանքային լիազորություններից բխող պարտականությունները։ Հանրահավաքին մասնակցել է»։
Հարցին, թե արդյոք Տիգրան Ավինյանը բեմի վրա էր՝ մյուս պաշտոնյաների հետ միասին, Փաշինյանի կողքին կանգնա՞ծ, մամուլի խոսնակը պատասխանեց․
«Բեմում չի եղել, բայց հանրահավաքին ներկա է եղել»։
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը երեկ առավոտյան հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Այս հայտարարությունից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ, ապա իր բոլոր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։