«Վաղը Էջմիածին և Մասիս ենք գնալու, ուզում ենք ավտոմեքենաների շարասյունով ամբողջ Հայաստանով պտտվենք». Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ շարժումը վաղվանից սկսելու է մարզային այցելությունները։
«Ուզում ենք ավտոմեքենաների շարասյունով ամբողջ Հայաստանով պտտվենք, որովհետև գյուղերի վիճակը, ինձ թվում է՝ շատ ավելի վատ է, իրենց ինֆորմացիան էլ է ավելի քիչ, այս ալիքների մեծ մասը շրջան չի հասնում, նրանք «Հ1»-ով են սնվում հիմնականում։ Վաղը Էջմիածին և Մասիս ենք գնալու, Սյունիք էլ ենք պատրաստվում գնալ, օրը դեռ հայտնի չէ»,- տեղեկացրեց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև հայտնեց, որ շրջաններից գալուց հետո կրկին երթեր, հանրահավաք կլինեն․
«Մի օր էլ կարող է՝ հանրահավաք անենք, նստենք, գիշերն էլ մնանք, չնայած ինձ թվում է՝ մինչև այդ կքշենք իրեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ենթադրում ապստամբության ճանապարհով իշխանություն վերցնելու մասին հայտարարությունը․
«Բոլոր ապստամբություններն առաջանում են նույն ճանապարհով, ժողովուրդը դուրս է գալիս ինչ-որ պահանջով, տվյալ դեպքում՝ Նիկոլի հրաժարական, դառնում է համազգային շարժում, իշխանությունները մի հիմարություն անում են, իսկ մեր իշխանություններին դա այնքան մոտ է, ժողովուրդը զայրանում է, և շարժումը վերածվում է ապստամբության։ Իշխանություններն իրենք են որոշելու, երբ է լինելու ապստամբություն․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում