«Մարդ կա՛մ պետք է «իդիոտ» լինի, կա՛մ թշնամի, որ նման բան ասի»․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հայ–ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են»,- քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հայ-ռուսական հարաբերություններում սպառնալիք տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր իր հայտարարության մեջ օգտագործել է Ստեփանակերտի ադրբեջանական անվանում, և, որ շատերը դա կապում են Փաշինյանի երեկվա հարցազրույցի՝ ռուսական «Իսկանդերը» կասկածի տակ դնելու հետ։
«Ես կարծում եմ՝ այս տղան, որ մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն Ռուսաստանի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք, ինչ վերաբերում է «Իսկանդերի» մասին իր ասածին՝ մարդ պետք է լինի կամ «իդիոտ», կամ իսկապես թշնամի, որովհետև ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ինքն այդ զենքից ոչ մի բան չի հասկանում։ Ես չեմ իմանում՝ ինքը դա դիտավորյա՞լ արեց հենց Ռուսաստանի դեմ ուղղված, թե՞ ուղղակի իր սովորական այն ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր, և հետո իր համար երևի նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի գնած զենքը վատն է, այդպիսի բան է, նո՞ր եք ճանաչում»,- ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած գործողություններին, երբ քաղաքացիները ներխուժել էին կառավարության շենք, ասել է, որ դա կոնկրետ ուժերի կողմից է կազմակերպված եղել, և նպատակը եղել է Արցախի հարցի հետ կապված որոշակի փաստաթղթերի ոչնչացումը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․
«Մենք ի՞նչ վիճակի հասանք, որ նման «իդիոտիզմի» մասին պետք է խոսենք։ Դա քննարկելու բան չէ, ամսի 9-ի գիշերը տեղի ունեցածը շատ բնական էր, ու ապրի մեր ժողովուրդը, որ ոտքի կանգնեց, և մեղավորություն եմ տեսնում և իմ, և քաղաքական գործիչների, որ չեկանք, տեր չկանգնեցինք դրան, այդ 2 օրում իրեն կարելի էր քշել ու վերջացնել այդ ամեն ինչը։ Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում պախկվել, որովհետև նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»։
Լրագրողները Վ. Մանուկյանից հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ նորմա՞լ էր, երբ քաղաքացիները ներխուժեցին կառավարության և Ազգային ժողովի շենքեր․
«Նորմալ էր, եթե դու տանում ես, քո հազարավոր երիտասարդներին կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես․․․ Պարզ երևում էր դավաճանությունը, դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել, ապրի այն ժողովուրդը, որ մտավ այդ շենքեր․․․»։
Հարցին, որ Փաշինյանն ասում էր՝ դուք ձգտում եք ապակայունացնել ներքին իրավիճակը, որը կարող է բերել նաև արտաքին ռիսկերի, արդյոք դուք չե՞ք տեսնում այդ ռիսկերը, եթե հանկարծ Հայաստանում դեպքերը զարգանան ձեր ասած պլան Բ-ի համաձայն․
«Ընդհակառակը, իր ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․․․»:
Մանրամասները՝ տեսանյութում