Բաժիններ՝

Ինչո՞ւ են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի 5 անդամներից 4-ն ընտրվել արտերկրում ապրողներ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 5 անդամներից 4-ն այս պահին բնակվում են արտերկրում. խորհրդի ձևավորման նման կարգի նպատակն այն է, որ այդ մարդիկ իրենք իրենց համայնքներում կարողանան աշխատանք տանել և հիմնադրամի նկատմամբ սփյուռքում վստահությունը բարձրացնել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ նշելով, որ հիմնադրամի հիմնական թիրախն այսուհետ պետք է լինի սփյուռքը, քանի որ Հայաստանում եկամուտ ստացողների համար պարտադիր վճարների չափը բազմապատկվել է՝ ընդհուպ 15-ապատկվելով, ուստի փորձում ենք այս կերպ նաև սփյուռքի մեր հայրենակիցներին ոգևորել՝ գումարներ փոխանցելու համար։

«Մենք ունենք սփյուռքում ապրող 7 միլիոն հայրենակից, և հետևողական աշխատանքի շնորհիվ պետք է կարողանանք մարդկանց քաջալերել, որ նախ՝ գումարներ նվիրաբերեն, ապա նաև՝ դառնան պարբերաբար նվիրաբերություն անողներ։ Այս պահին ունենք 3000 հայրենակից, որոնք մեկ անգամ են նվիրաբերություն կատարել, և  մեր նպատակն է, որ նվիրաբերությունները դառնան պարբերական»,- ասաց Ավետիքյանը։

Խոսելով սփյուռքից նվիրատվություններ ունենալուն միտված միջոցառումների մասին՝ նա մատնանշեց մեկ օրինակ.

«Ունենք մի նվիրատու, որը խոստացել է մեզ փոխանցել 100 հազար դոլար, սակայն պայման է դրել՝ կփոխանցի, եթե մենք մեր 100 հայրենակիցներից կարողանանք  հավաքել 500 հազար դոլար. եթե կարողանանք հավաքել 1 միլիոն դոլար, ապա այդ նվիրատուն կփոխանցի 150 հազար դոլար։ Հիմա մենք աշխատում ենք մեր այն հայրենակիցների հետ, որոնք աշխատում են միջազգային մասնավոր կազմակերպություններում, որպեսզի նրանք էլ հայտնաբերեն 100 այնպիսի հայրենակից, որոնք կկարողանան կամ միայնակ, կամ այդ կազմակերպությունների միջոցով մեզ նվիրաբերել 500 հազար դոլար»,- ասաց Ավետիքյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս