«Երկրի թիվ մեկ ֆեյքը Նիկոլն ու իր ընտանիքն են». Նաիրա Զոհրաբյան
«2300 հայ մայր փնտրում է իր զավակին, իսկ Ադրբեջանը հայտարարեց, որ այլևս թույլ չի տալու, որ գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանը պայմանավորված կերպով հանձնել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը և իր խունտան կանգնելու են դատարանի առաջ: Լինելու է Արցախը հանձնողների Նյուրնբերգը, և որևէ մեկը դրանում չկասկածի»,- «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ԱԱԾ, որ ընկած ֆեյքեր ես փնտրում, երկրի թիվ մեկ ֆեյքը Նիկոլն ու իր ընտանիքն են, բա էդ ինչո՞ւ չեք առգրավում Նիկոլի պատգամավորների կոմպյուտերները, հեռախոսները, ովքեր ամեն օր տարածում են թշնամանք, ատելություն, ամեն օր հային հանում են հային դեմ, հայաստանցուն հանում են արցախցու դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ տեղի է ունեցել պայմանավորված պատերազմ. «Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Արցախով դեպի Նախիջևան կապը մեզ համար մի քանի անգամ ավելի նշանակություն ուներ, քան անգամ արցախյան պատերազմը: Նիկոլը տվեց այն, ինչ ցանկացան Ադրբեջանը և Թուրքիան: Դու միակ պատասխանատուն ես, դու միակ մեղավորն ես, դու հանձնել ես Արցախը, քո թիմակիցների հետ միասին, և դու պատասխան ես տալու պատմության առաջ, դու չես կարող և չես լինելու համաշխարհային պատմության մեջ այն միակը, ով հանձնելով հայրենիքը՝ շարունակել է պաշտոնավարել: Այո, առաջիկա 24 ժամը դու մտածում ես՝ ինչպես պահել հաջորդ 24 ժամվա իշխանությունը: Դու գնալու ես, Նիկոլ, դու գնալու ես և կանգնելու ես դատարանի առաջ»: