«Գերագույն գլխավորի կոչումն իրենով արած անձը Կառավարության նիստերն անցկացնում է ժպիտով, հումորով, ծափ ու ծիծաղի տրամադրությամբ». Իվետա Տոնոյան

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք պայքարում են հայրենիքի փրկության, Սյունիքը չկորցնելու, պետականությունը պահպանելու համար:

«Նոյեմբերի 9-ից անցել է արդեն 3 ամիս, և այս 3 ամիսների ընթացքում կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած և վարչապետի աթոռին սոսնձված ու զմռսված պաշտոնյան այդպես էլ չի պատասխանել մի քանի կարևոր հարցերի. քանի՞ զոհ ենք մենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում, քանի՞սն են ստացել հաշմանդամության տարբեր աստիճաններ, Հայաստանի տարածքից քանի՞ հազար քառակուսի մետր ենք մենք կորցրել:

Այս հարցերի պատասխանները տալու փոխարեն՝ գերագույն գլխավորի կոչումն իրենով արած անձը Կառավարության նիստերն անցկացնում է ժպիտով, հումորով, ծափ ու ծիծաղի տրամադրությամբ, կարծես մոռացել է մեր մի քանի հազար զոհերի մասին, կարծես մոռացել է, որ Արցախի 75 տոկոսն այլևս Ադրբեջանինն է, կարծես շուրջ 40 հազար արցախցի այսօր չի կարողանում իր ամենատարրական սոցիալական խնդիրները լուծել, որովհետև պետությունն անգամ այս մարդկանց սոցիալական խնդիրները կարգավորելու համար չունի բավարար չափով կազմակերպվածություն և քաղաքական կամք: Այսօր մենք պետք է պատասխանենք մեկ հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ այնպիսի իշխանություն, որը մաս-մաս վաճառում է Սյունիքը, մենք ուզո՞ւմ ենք ունենալ այնպիսի իշխանություն, որն աճուրդի է հանել Հայաստանը: Այսօր մեր պայքարը հենց դրա դեմ է, այսօր մեր պայքարը հայրենիքի փրկության համար է: Եվ ուրեմն բոլորս միասին, մեկ բռունցք դարձած՝ պայքարենք ու փրկենք մեր հայրենիքը և ունենանք «Առանց Նիկոլ Հայաստան»»,- ասաց Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս