«Փաշինյանն իրականացրեց Տեր-Պետրոսյանի ասածը՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»». Արամ Սարգսյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է միավորել Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող 10 մլն հայերի ներուժը, չնայած վերջին շրջանում ջրբաժաններ են գծվել նրանց միջև: Սարգսյանը նշեց, որ այժմ Արցախի շուրջ հարցերը որոշվում են առանց Հայաստանի:
«Հասել ենք նրան, որ մեր պետության ղեկավարի հետ որևէ մեկը հաշվի չի նստում: Դա նշանակում է, որ Հայաստանի հետ հաշվի չեն նստում, մեկ անձի պատճառով մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որի բնութագրիչն էլ չկա: Այս պահին Հայաստանը, որը պետք է մասնակից լիներ բոլոր հարցերին, որոնք կապված են նաև Արցախի այս իրավիճակի հետ, Հայաստանը չկա: Ես չեմ էլ պատկերացնում, եթե Մինսկի խմբի համանախագահները որոշեն վերսկսել այս բանակցությունները, ո՞վ և ինչի՞ մասին է բանակցելու: Ալիևն իր պատկերացմամբ՝ բոլոր հարցերը լուծել է, Հայաստանն էլ….»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահին ապշեցնում է հայ մարդկանց որոշ հատվածի այն պնդումները, թե Ադրբեջանի՝ պատերազմի ընթացքում գրաված, ապա նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ մեր թշնամի երկրին հանձնված տարածքներն ադրբեջանական են եղել:
«Հայ մարդն ասում է՝ խի էդ հողերը մե՞րն էին: Նախիջևանը ադրբեջանցիների՞ հողն է, կամ Շահումյանը, ամբողջ Հովտային Ղարաբաղը ադրբեջանակա՞ն հող է: Էս ի՞նչ նրբանկատություն կա ադրբեջանցիների նկատմամբ, էս որտեղի՞ց ծնվեց էս ամբողջը: Էդ մարդիկ թշնամություն են անում, սրանք ասում են՝ գնանք քիրվայություն անենք»,- ասաց Սարգսյանը:
Նա առաջարկեց Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին հոդաբաշխ նախադասություններով ասել, թե ի՞նչ են ուզում անել, ինչպե՞ս են պատկերացնում ՀՀ ապագան:
«Մարդիկ կան, ասում են՝ մի խանգարեք մեր Նիկոլին, ի՞նչ է անում պետության համար, որ մենք էլ չխանգարենք»:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանում էլ արդեն հասկացել են, որ ԱՄՆ-Թուրքիա զորավարժություններն ուղղված են իրենց դեմ, և Թուրքիան թիկունքից է հարվածելու Ռուսաստանին:
«Թուրքիան ցանկացած պահի՝ ինչպես մեզ, այնպես էլ՝ Ռուսաստանի սրտի մեջ դանակ է խրելու մեջքից, եթե մենք չդիմադրենք: Մենք պարտավոր ենք հակաթուրքական կոալիցիայի մեջ գտնել, պարտավոր ենք ճանապարհ գտնել այս հարցում Չինաստանի հետ լեզու գտնելու»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին շատ շուտով հեռացնելու են պաշտոնից, և պետք է մտածել հետագայի մասին: Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների մասին Սարգսյանն ասաց.
«Ինչո՞ւ կալանավորեց Արա Սաղաթելյանին, ձերբակալեց Կարեն Բեքարյանին և այլոց, որովհետև ինքն իր թիմում չունի նման մարդիկ: Սա շոու չէ, սա վախ է, սովորական վախի զգացում է»:
Արամ Սարգսյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում շարունակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական գիծը, և հիշեցրեց 1990-ական թվականներին վերջինի արտահայտած մի միտք.
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, և «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»: Հիմա սա արեց նույն բանը: Սա իրականացրեց՝ ինչ որ ասել է նա»: