Բաժիններ՝

«Ծնողները դիմումներ են գրում՝ երեխաներին դպրոցից հանելու համար»․ Աբովյանի թիվ 1 դպրոցում դասապրոցեսը խաթարված է

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում  նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով դասադուլն ու գործադուլը շարունակվում են։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն այսօր ֆեյսբուքյան հերթական լայվի միջոցով ցուցադրել էր, թե ինչ իրավիճակ է դպրոցում, տեղեկացրել, որ ծնողները սկսել են դիմումներ գրել.

«Ծնողները եկել են և մասսայաբար դիմումներ են գրում՝ իրենց երեխաներին դպրոցից դուրս հանելու համար, և ԿԳՄՍ նախարարությունը, որ առաջին պատասխանատուն է, ծնողների զանգերին պատասխանում է՝ ամեն ինչ նորմալ է, լա՛վ է ամեն ինչ։ Պարո՛ն նախարար, եթե սա ձեզ համար նորմալ է, ուրեմն լիքը մտածելու տեղ ունեն այս մարդիկ և ընդհանրապես բոլորը։ Սա խայտառակություն է, սա կրթական պրոցեսի խեղում է, չգիտեմ՝ անպատասխանատվության որ մակարդակն է այն նախարարի կողմից, որ այսքան մարդուն համարում է աղմկողներ»,- ուղիղ եթերում ասաց պատմության ուսուցիչը։

Ծնողների և աշակերտների հետ հանդիպեց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը: Եվ հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվեց նրա խոսքն ուղղված ուսուցիչներին, թե ինքը հաշվեհարդար տեսնելու նպատակ չունի, և, որ իր համար գերակա խնդիրն աշակերտների շահն է․

«Կոլեկտիվի գործադուլն իրավական հիմք չունի, և այս ամենն արդեն դատական պրոցեսի մեջ է, դատարանը կճանաչի՝ անօրինակա՞ն, թե՞ իրավական է գործադուլը, բայց մի բան հստակ իմացեք՝ այն ուսուցիչը, որ իսկապես մտահոգ է երեխայի կրթությամբ, այսօր իրավունք չունի երեխային բախտի քմահաճույքին գցել։ Ես հասկանում եմ նաև ծնողների մտահոգությունը, հասկանում եմ նաև ձեր սերն ու հարգանքը նախկին տնօրենի հանդեպ, ես դա էլ եմ գնահատում, և իսկապես դրանք էլ արժեքներ են, բայց դուք չեք փորձել ինձ ճանաչել և ինձ հետ աշխատել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք աշխատելու ենք սիրո և հարգանքի մթնոլորտում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու․․․ Իմ կյանքում սա մի փորձաշրջան էր, որ վերևից իմ գլխին մի մեծ մուրճ էր կախված, ինձ ընկճելու, ինձ հուսախաբ անելու, ինձ բարոյապես նվաստացնելու ու ճնշելու, բայց ես արժանապատվորեն եմ ապրել իմ կյանքը, զերծ եմ եղել տարբեր քաղաքական նկրտումներից ու ձգտումներից և զզվել եմ քաղաքականության մեջ մխրճվելուց, և այսօր փորձել իմ նշանակումը քաղաքականացնել՝ ես դա թույլ չեմ տալու։ Դպրոցը ապաքաղաքական կառույց է, որտեղ միակ գործառույթը պետք է լինի՝ աշակերտներին կրթություն տալը, և ոչ թե՝ աշակերտներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելը»,- ասաց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը։

Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը դիմելով նորանշանակ տնօերնին՝ հիշեցրեց, որ դեռ 2 շաբաթ առաջ էր նրան խնդրել, որպեսզի դպրոցում դասապրոցեսը վերականգնի, և տնօրենն էլ խոստացել էր վերականգնել, սակայն, ինչպես տեսնում ենք, դասապրոցեսը շարունակում է խաթարված մնալ։

Մեկ ուրիշ ծնող էլ ասաց, որ իր համար հաճելի չէ, որ այսօր իր երեխան դպրոց չի գալիս․

«Կարողացեք կազմակերպել դասապրոցես, ձեր կոլեկտիվի հետ կարողացեք լեզու գտնել, թող մեր երեխեքը դասի գան, եթե չէ՝ դիմումը կգրեմ»։

Ըստ էության ծնողները հանդիպումից դժգոհ էին և իրենց երեխաներին դպրոցից հանելու դիմումները ներկայացրեցին նորանշանակ տնօրենին։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր հավասար 4 ձայն, ինչ որ հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս