«Խնձորեսկն ու Քարահունջը նույնպես կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում»․ Մեսրոպ Առաքելյան
«Որոշ համայնքների հետ կապված՝ կան որոշակի առաջարկներ և դժգոհություններ, այս պահին կան մի քանի համայնքներ, նաև Վարդենիսի տարածաշրջանում, այս պահին ընթանում են քննարկումներ, և առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Խնձորեսկ և Քարահունջ համայնքները ներառված չեն սահմանամերձ համայնքների ցանկում։
Դիտարկմանը, որ կասկած կա, թե գուցե Խնձորեսկը և Քարահունջն էլ են հանձնելու, այդ իսկ պատճառով կառավարությունը չի ուզում գումար ներդնել, նախարարը պատասխանեց․
«Չկա նման բան։ Կան որոշակի չափանիշներ, մասնավորապես, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ, բնակելի տներից, սակայն ձեր նշած համայնքների սահմանամերձ լինելու փաստը ավելի շատ հողատարածքներից է, հետևաբար՝ այդ մեթոդաբանության շրջանակներում նշեցի, որ այդ համայնքները նույնպես կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում, որոնք ստանում են աջակցություն։ Այս պահին ունենք 77 սահմանամերձ համայնք, հնարավոր է՝ մի քանիսը ևս ավելանան, ընդհանուր առմամբ բյուջեի վրա ավելացումը մինչև 200 միլիոն է, իսկ եթե գործող համայնքները հաշվարկենք, տարեկան ծախսը՝ մոտավորապես 1 միլիարդ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Կառավարությունը հավանության էր արժանացրել մի նախագիծ, համաձայն որի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։
Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետև կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։