«Պատերազմից հետո էլ մենք շարունակում ենք պարտվել, Ներքին Խնձորեսկն էլ ձեզ «փեշքեշ»». Խոսրով Հարությունյան
«Նոյեմբերի 10-ից հետո որևէ քաղաքական ղեկավար իսկույն պետք է ներողություն խնդրեր ու հրաժարական տար». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի շարունակվող պաշտոնավարմանը: Նախկին վարչապետը նշեց, որ անգամ քաղաքագիտական տեսության մեջ այլ բան նախատեսված չէ:
«Մնացած բոլոր զարգացումները նշանակում են՝ իշխանության բռնազավթում: Ակնհայտ է, որ դու տանուլ ես տվել պատերազմը մեծ կորուստներով՝ զոհեր, տարածքներ, արդյունքում ձևավորել նոր շատ շոշափելի, առարկայական սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար: Այդ պարագայում ակնհայտ է հանրության ճնշող մեծամասնության անվստահությունը, որովհետև այլ կերպ չէր կարող լինել, եթե այդքանից հետո շարունակում եք կառչած մնալ այդ աթոռից կամ սեղանից, սա նշանակում է իշխանության բռնազավթում՝ օգտագործելով ԱԺ-ում իրենց քաղաքական մեծամասնությունը»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ դա հակասահմանադրական է:
Նախկին վարչապետի համոզմամբ՝ Արցախյան 2-րդ պատերազմում գործող իշխանությունն է մեր երկրին պարտության տարել:
«Հայաստանյան իշխանությունները 44-օրյա պատերազմը միտումնավոր, քայլ առ քայլ, հետևողականորեն տանուլ են տվել, պարտվել ենք մենք: Պատերազմի ավարտից հետո էլ մենք շարունակում ենք պարտվել: Ներքին Խնձորեսկն էլ ձեզ «փեշքեշ»»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, թե նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից բացի, կա նաև մեկ այլ փաստաթուղթ, որի համաձայն՝ գծվում են սահմանները, Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքն էլ համոզված էր, որ կա գրավոր պայմանավորվածություն, որովհետև նման բաները բանավոր պայմանավորվածություններով չեն կատարվում: Նախկին վարչապետի պնդմամբ՝ ընդդիմությունը դեռ հնարավորություն կունենա հասնել իշխանափոխության:
«Փաշինյանի նկատմամբ համատարած ոչ միայն անվստահություն է, այլև առանձին շերտերի մոտ կա ընդգծված ատելություն, մարդիկ կորցրել են հարազատներ, կան օջախներ, որոնց ճրագն է մարել, մարդիկ տարիների դառը դատած, բանած իրենց տունն այրում, դուրս են գալիս, այս պայմաններում չի կարող լինել համակրանք, անգամ հակակրանք չի ձևավորվում, ձևավորվում է հասկանալի, ընկալելի ատելություն»,- ասաց Հարությունյանը և վստահեցրեց, որ չկա մի մարդ, որը կարող է արդարացնել Փաշինյանի և իր իշխանության քայլերը:
Հարցին, թե այդ դեպում ինչո՞ւ մարդիկ համատարած փողոց դուրս չեն գալիս, նախկին վարչապետը պատասխանեց, որ կան մի շարք հանգամանքներ, որոնցից առաջինը Ոստիկանության պահվածքն է:
«Բիրտ ոստիկանական ուժ է կիրառվում: Երբ ես տեսնում եմ, թե ինչպիսի ջերմեռանդությամբ են ոստիկանները երիտասարդ, խաղաղ ցուցարարներին ծեծում, անարգում, ուժ կիրառում, ապշում եմ: 2021թ.-ի բյուջեի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանակին, պաշտպանության համար հատկացված բյուջեն էապես զիջում է Ոստիկանության բյուջեին»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ընդդիմության խնդիրը նախ և առաջ քաղաքացուն արթնացնելն է, հասկացնելը, որ հայրենիք ենք կորցնում: Փետրվարի 20-ին սպասվող հանրահավաքի մասին նախկին վարչապետն ասաց, որ պետք չէ սպասել, թե այդ օրն ինչ-որ շրջադարձ կլինի:
«Ես չեմ սպասի, որ ամսի 20-ին աշխարհը պետք է շուռ գա, 20-ը կլինի հերթական հանգրվաններից մեկը, 20-ը շատ կարևոր հանրահավաք է, Ղարաբաղյան շարժման տարեդարձն է, շատ կարևոր է խոսել այն կորուստների մասին, որ ունեցանք, բայց դա ընդամենը հնարավորություն է տալու արթնացնել պատմության նկատմամբ վերաբերմունք»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրությունները պետք էին նրա համար, որ որոշ չափով լեգիտիմացներ իր քայլերը:
«Փաշինյանին այս ընտրությունները տալիս էր հնարավորություն պարտված, դավաճանված պատերազմի արդյունքները ընտրական գործընթացների միջոցով «սվաղել, դուրս գալ», այլ կերպ ասած, եթե ստացվեր, ապա ոչ միայն՝ խուսափելու էր հետաքննությունից, այլև ասելու էր՝ տեսեք, ժողովուրդն ընտրեց»,- ասաց Հարությունյանը և նկատեց, որ կապ չունի, թե ինչ միջոցներով Փաշինյանը կհաղթեր ընտրություններում:
Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հետաձգեց արտահերթ ընտրությունները:
«Չեմ բացառում, որ այդ որոշման կատարման համար էական դեր խաղաց Քոչարյանի հայտարարությունը, քանի որ «Իմ քայլի» հայտարարությունը եղավ Քոչարյանի հայտարարությունից ժամեր անց: Կարծում եմ, որ կա մեկ այլ հանգամանք ևս, որն ավելի խորքային է: Կառավարությանը, Փաշինյանին հաջողվեց 750 մլն դոլարի եվրոբոնդեր տեղաբաշխել, աննախադեպ ցածր եկամտաբերությամբ՝ 3.8 տոկոս: Կարո՞ղ է գտնվել որևէ մեկը, որն ինձ հոդաբաշխ կբացատրի, թե մի երկիր, մի պետություն, որը պարտվեց պատերազմում, ձևավորել է լուրջ սպառնալիքներ իր անվտանգության համար, մի պետություն, որի մասին ասում են, որ հես ա-հես ա՝ նորից պատերազմ է սկսվելու, նման պետությանը կարո՞ղ էր որևէ մեկը վստահել: Բոլոր այն միջազգային ազդեցիկ խաղացողները՝ դա կլինի բանկ թե այլ կառույց, էական չէ, որոնք նպաստեցին այդ եվրոբոնդերի տեղաբաշխմանը, նրանք ուղղակի շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը պահի իշխանությունը: Ընտրությունների հետաձգման հիմնական պատճառն այն վտանգներն էին, որոնք կարող էին ձևավորվել այսօրվա գործող իշխանության հանդեպ ընտրությունների արդյունքում, իսկ այն ուժերը, որոնք կանգնած են այս ֆինանսների հետևում, չեն ուզում ռիսկի դիմել, հետևաբար՝ դեռևս Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ծրագիր չի ավարտել, ենթադրում եմ, որ դա լինելու է հարավը՝ Սյունիքը: Ծրագիրը մղված է լինելու տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն, քայլ է լինելու նոր սպառնալիքներ ձևավորել Իրանի հանդեպ»,- ասաց Հարությունյանը:
Նա վստահեցրեց՝ արտահերթ ընտրությունների հետաձգումը վկայում է իշխանության անվստահության մասին, որ իրենք կարող է անգամ ընտրությունների կեղծման դեպքում չընտրվեն, իսկ իրենց «պատվիրատուներին» չեն կարող ասել, թե ՝ «կներեք, չստացվեց»:
«Այս իշխանությունը հայոց պատմության մեջ մնալու է՝ որպես ամեն ինչ տապալած իշխանություն»,- ասաց Հարությունյանը:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը շարունակի կառավարել, նախկին վարչապետը կարճ արձագանքեց.
«Լավագույն դեպքում կմնանք Ереванская губерния»: