«14 հոգու ռմբակոծության տակից դուրս բերած մեքենային արագաչափով տուգանո՞ւմ եք». Արագած Ախոյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատմեց, որ իրենց՝ մոտ 60 հոգուց բաղկացած կամավորական ջոկատը սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 12-ը եղել է մարտական դիրքերում: Նրա խոսքով՝ կամավորականները պատերազմի ընթացքում իրենց խնդիրներն ինքնուրույն են լուծել, այդ թվում՝ ռազմաճակատ են մեկնել սեփական մեքենաներով: Ախոյանն ասաց, որ այդ մեքենաների սեփականատերերին պատերազմի ընթացքում կատարած խախտումների տուգանքների մասին ծանուցումներ են գալիս: Սա՝ այն դեպքում, երբ 2020-ի դեկտեմբերի 24-ի Կառավարության նիստի ժամանակ Ոստիկանության պետի տեղակալ Խորեն Ֆիդանյանը ներկայացրել էր ճանապարհային ոստիկանության ակտերի համաներման նախագիծ, որը վերաբերելու էր պատերազմի ընթացքում կատարված խախտումներին: Խնդիրը 2020-ի դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էին նաև քաղաքացիները Սյունիքում, ինչին նա պատասխանել էր՝ «կլուծենք»:
«Մենք գնացել ենք մեր անձնական մեքենաներով, 2-3 մեքենա ունեինք, որոնք եղել են հենց անմիջապես կիզակետում: Գիտեք, թե որքան խառն էր իրավիճակը, գնալ-գալ, տանել-բերել: Միայն պոստում եղած զինվորի խնդիրը չէր, նաև հանգստի եկածների խնդիրն էր: Կեսը պոստերում էին՝ մարտական հերթապահության, կամ մարտական գործողությունների, մյուս մասը՝ հանգստի: Այդ մեքենաների, տրանսպորտի վրա բավականի մեծ տուգանքներ են եկել, ես նույնիսկ փաստաթղթերն ունեմ, թե որ մեքենան որտե՞ղ է գտնվել, ի՞նչ գործողությունների մեջ է եղել: Մենք դիմեցինք, որ ՃՈ-ն այդ տուգանքները զիջի՝ լսելով այսօրվա աթոռից կառչած վարչապետի այն շոուն, որ մեկը մոտեցավ, ասեց, ինքն էլ պատասխանեց՝ էդ հարցը համարեք լուծված: Ուրեմն հայտարարում եմ, այդ հարցը լուծված չի:
Մեր մեքենաները կոտրելով, ոչ մի լիտր բենզին, ոչ մի բան ոչ մեկից չուզելով՝ գնացել ենք, ամբողջը կազմակերպել ենք, հիմա էլ պետք է տուգանք մուծե՞նք:
Պատերազմի թեժ օրերին մեր տղաներից մեկը նույնիսկ իր սպիտակ «Նիվան» ներկեց կամուֆլյաժի գույներով, որ ԱԹՍ-ները մեզ չոչնչացնեն, այդ մեքենային այսօր տուգանում են գույնը փոխելու համար: Այդ մեքենաները, որ տուգանել եք, չեք ամաչո՞ւմ, լավ արագաչափ ա, նկարել ա, բերել եմ կադրերը, թե ո՞նց ենք այդ մեքենայով 14 հոգու մինամյոտով ռմբակոծության տակ Դավիթ Բեկից բերել: Խնդիր էր առաջացել, դրա միջով անցել ենք, դուք մեզ արագաչափով տուգանո՞ւմ եք»,- ասաց Ախոյանը:
Նա նշեց, որ կամավորականներն իրենց կատարած ծառայության համար գումար չեն ուզել, սակայն, եթե կա գումար պարգևավճարների համար, ապա պետք է նաև գումար լինի հայրենիքի պաշտպանությանը մասնակցած տղաների տուգանքները ներելու համար:
«Գորիսի ինքնապաշտպանական կամավորական ջոկատի շուրջ 750 հոգուց որևիցե մեկին մեկ կոպեկ գումար տվե՞լ եք: Իհարկե, մենք կամավոր էինք, ոչ մեկն այդ տղաներից չի եկել գումարի հետևից, բայց մարդիկ զենք են ստացել, պատասխանատվություն են կրել մարտական դիրքերի համար, մոբով չէ, պետությունը չի կանչել, գնացել են, դրա մասին չէինք էլ խոսի, բայց ո՞նց հասկանանք, որ պատերազմի օրերին Ստեփանակերտ մեկնած «Քեմալիստական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ստանում են օրապահիկ, գործուղման գումար, որ գան Ստեփանակերտում պախկվեն, նկարվեն, դրա համար գումար կա, իսկ այս տղաներին, գյուղացուն, որ իր բան ու գործը թողած՝ սահման էր պահում, իրենք հե՞չ:
Դա այդ կամավորականների գյուղը չէր, դա մեր տան դարպասներն էին: Մի դեպքում՝ նկարվելու, կապիկություն անելու, քաղաքական շուո սարքելու համար գնում եք, կամանդիրովըչնի եք ստանում, օրապահիկ եք ստանում, մյուս դեպքում՝ այդ տղաները սկի կոմունալները չեն կարողացել վճարել, ամոթ ձեզ: Է՞ս է արդարությունը: Հերիք է կապիկություններ անեք, գոնե ջրեք էդ տուգանքները, մենք ձեզանից բան չենք ուզում, ողորմելին դուք եք, դուք ողորմելի եք՝ ձեր կառավարությունով, պարգևավճարներով»,- ասաց Ախոյանը: