«Թաղման բյուրոն համարվել է ամենաթոթոլ կտորը պաշտոններից բոլոր իշխանությունների ժամանակ». Անի Խաչատրյան

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ (թաղման բյուրո) կանոնադրության մեջ, ըստ որի, կազմակերպությունն իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը: Նախագծի հիմնավորման մեջ նաև ամրագրված է՝ հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, կարևոր է ընդգծել օրենքի 15-րդ կետի դրույթները, որի ապահովման դեպքում կլուծվի նաև ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորության հետ կապված խնդիրները: Նշված ծառայության մատուցմամբ կավելանան կազմակերպության եկամուտները: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ «Թաղման բյուրոյի» ղեկավար պաշտոններում միշտ նշանակվել են «խնամի-ծանոթ-բարեկամները»:

«Բոլոր իշխանությունների ժամանակ, այդ թվում՝ նաև այս իշխանությունների ժամանակ, Թաղման բյուրոն համարվել է ամենաթոթոլ կտորը պաշտոններից, որովհետև ամենամեծ փողերը, ամենաշատ կոռուպցիան եղել է այդտեղ: Դրա համար այդտեղ պետ գնաց մեր կողմից ամենաթոթոլ կտորը, մեր աշխատակազմի նախկին ղեկավարը: Այդ կոռումպացված համարվող կառույցին տալ ավելի շատ լիազորությունններ, ինչքանո՞վ է ճիշտ: Ինչքանո՞վ կարող ենք վերահսկել Վահե Խաչատրյանի գրպանը շատ մեծ չլայնանալու գործընթացը»,- հարցրեց Խաչատրյանը:

Հրաչյա Սարգսյանը խնդրեց չանձնավորել, բարձրացված հարցն էլ պետք է գտնվի իրավապահ համակարգի ուշադրության ներքո: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Անի Խաչատրյանին առաջարկեց Վահե Խաչատրյանի հետ փոխվել տեղերով:

«Դե, երկուսդ էլ Խաչատրյան եք, էլի»:

Տեսանյութեր

Լրահոս