«Կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք, ոչ թե կոսմետիկ». Թեհմինա Վարդանյան

Այսօր Երևանի ավագանու նիստում հաստիքացուցակների փոփոխության հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ պետք է նայել ներկայացված նախագծի հակառակ կողմը:

«Հիմքում դրված է աշխատակիցներից ազատվելու խնդիրը, և երկրորդը՝ ինձ մոտ տպավորություն է, որ մենք գործ ունենք գեյշայի հետ, ում մի մասը ներկած է, մնացածն էական չէ, այսինքն՝ առաջնային գիծը, թեժ գիծը լավ սպասարկում ենք, բայց խնդիրները խորքային են, տակից են: Այո, մենք ունենք 1998 հաստիք, երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել, էդ օրն էլ բարձրաձայնեցինք, 2.5 տարի շարունակ բարձրաձայնում ենք, չի կրճատվում, չի օպտիմալացվում: Էդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի իրական օպտիմալացումից: Պարոն Համբարյան (Աշխատակազմի քարտուղարի ժ/պ.- Ա.Հ.),  կրճատեք քաղաքապետի խորհրդականների հաստիքները,  խորհրդականների օգնականների հաստիքները, խորհրդականների վարորդների հաստիքները: Խորքային փոփոխություններ արեք, բերել եք երկու բաժին միացնելով, անձնավորված ինչ-որ մղումներով կպցնում եք իրար, որ ի՞նչ: Այսինքն՝ բոլոր պարերը պարել եք, մնացել է սարի սմբո՞ւլը՝ թեժ գծի բարեհամբույր աշխատակիցները»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ հասկանալի է, որ որոշ բաժիններում աշխատակիցների համալրում հարկավոր է, բայց դա նպատակային պետք է լինի և արդարացված:

«Բերեք Ճարտարապետական վարչությունում ավելացրեք 20-30 աշխատակից, բոլորս հասկանում ենք, որ այդտեղ ահռելի գործ կա անելու, ավելացրեք, մենք էլ ասենք՝ նպատակային ծառայում է, բայց կոսմետիկ փոփոխություններ անելով, որի հիմքում աշխատանքը չի շահելու, կարծում եմ՝ սխալ է»,- ասաց Վարդանյանը:

Ավագանու անդամը նաև հիշեցրեց, որ օպտիմալացման խոստումներ տված պաշտոնյաներից  շատերն արդեն չեն աշխատում Քաղաքապետարանում, և դրա պատասխանատվությունը մնալու է ավագանու վրա:

Տեսանյութեր

Լրահոս