«Ունենք 10 մլիդ-ի կրճատում մեր համայնքային բյուջեի, բայց տարեկան 32 մլն ավելացնում ենք 10 հաստիքի ավելացման համար». Խաժակյան
Երևանի ավագանին այսօր քննարկում էր հաստիքացուցակների փոփոխության հարցը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթի ժամանակ ասաց՝ երբ 2018-ին հաստատում էին հաստիքացուցակները, կար կոնսենսուս հաստիքների օպտիմալացման, սակայն երկու տարի է՝ դրանք ոչ միայն չեն կրճատվում, այլև ավելանում են:
«Իմ տպավորությամբ՝ ընդհանուր կոնսենսուսն այն էր, որ մենք պետք է գնայինք նվազեցման միտումով, բայց մենք հակառակն ենք տեսնում: Մենք այս երկու տարիների ընթացքում անընդհատ ավելացնում ենք, ամեն անգամ համարում ենք, որ այդ ավելացումը հիմնավոր է, ամեն անգամ համարում ենք, որ դեռ պետք է խոսենք օպտիմալացման մասին, ավելի արդյունավետ պրոցեսներ դնելու և ադմինիստրատիվ ծախսերը չմեծացնելու մասին, բայց անում են ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ և ավագանու տեսանկյունից, և քաղաքապետի դրած խնդիրը պետք է լիներ հետևյալ կերպ՝ կատարել կառուցվածքային փոփոխություններ, բայց չնպաստել թվաքանակի և դրանից բխող ծախսերի ավելացմանը: Մենք ունենք 10 մլրդ-ի կրճատում մեր համայնքային բյուջեի, բայց տարեկան 32 մլն ավելացնում ենք 10 հաստիքի ավելացման վրա»,- ասաց Խաժակյանը:
Նախագծով առաջարկվում է վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում: Անդրադառնալով փոփոխության բովանդակությանը՝ Խաժակյանն ասաց.
«Դավիթ Համբարյանը (Աշխատակազմի քարտուղարի ժ/պ.- Ա.Հ.) նշեց, որ թեժ գծի և դիմումների քանակը մեծացել է: Ես առաջարկում են նայել, թե ինչո՞ւ են դրանք մեծացել: Այդ ո՞ր ստորաբաժանումներից եկող խնդիրների պատճառով է, որ մարդիկ ավելի շատ են ստիպված լինում զանգել թեժ գիծ, դիմումները թողնենք մի կողմ, դա կարող է լինել շինթույլտվություններ ստանալու դիմումների քանակով պայմանավորված, բայց թեժ գծերը հստակ են, դրանք մարդկանց բողոքների թվերն են, եթե մարդիկ սկսում են շատ զանգահարել թեժ գիծ, դա չի նշանակում, որ մենք պետք է թեժ գծի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնենք, դա նշանակում է, որ պետք է նայենք, թե ինչն է խնդիրը, ինչի՞ են մարդիկ բողոքում, և ըստ այդմ տվյալ ստորաբաժանման խնդիրները լուծենք»,- ասաց Խաժակյանը: