«Մի սպասեք, որ աղմուկ բարձրանա, հետո բանակցեք». Անի Խաչատրյան
Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ընթացքում օրակարգի 4-րդ կետով Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը: Հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց վերջերս հայտնի դարձած մի դեպքի մասին՝ ոչ համայնքային հողի վրա կառուցված խաղահրապարակը տարածքի սեփականատերը ցանկանում է քանդել և տեղն այլ բան կառուցել:
«Վերջերս մամուլում տարածվեց, որ Շենգավիթ վարչական շրջանում խաղահրապարակ էր կառուցվել սեփականաշնորհված հողի վրա, և սեփականատերը պետք է այլ կառուցապատում սկսի: Նման խնդիր ունենք նաև Արաբկիրում՝ Արամ Խաչատրյան փողոցում, ու էլի տարբեր տեղեր: Խոսել եմ հողերի սեփականատերերի հետ: Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ է արվել, այս իշխանությունները ևս չեն փորձում խաղահրապարակները պահել՝ որպես խաղահրապարակ, ու կառուցապատողներին առաջարկել համարժեք ուրիշ տարածքներ: Առաջարկում եմ՝ սկսեք խաղահրապարակների տարածքները սեփականաշնորհած մարդկանց հետ քննարկումներ ունենալ»,- ասաց Խաչատրյանը:
Հայկ Մարությանն ասաց, որ կոնկրետ այս դեպքում իրենք բանակցել են կառուցապատողի հետ, սակայն համայնքային հողերը շատ չեն, հետևաբար՝ առաջարկելու շատ վայրեր չունի Քաղաքապետարանը, առաջարկները մերժվել են: Քաղաքապետը նաև նշեց, որ խաղահրապարակը քանդել իրենց պարտավորեցրել է դատարանը: Անի Խաչատրյանը հարցրեց նաև մյուս հասցեների մասին:
«Մի սպասեք, որ աղմուկ բարձրանա, նոր սկսեք բանակցել»,- ասաց Խաչատրյանը:
Մարությանը վստահեցրեց, որ դա իրենց համար ցավոտ հարց է, և իրենք զբաղվում են դրանով: