«Բա որ սեպտեմբերի 28-ին գալիս էինք, էդքան տղերք զոհվեցին, ինչի՞ չէիր ասում՝ հեռու Արցախից». Արագած Ախոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ իր և իր ընկերների նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Հիշեցնենք՝ հունվարի 28-ին տեղի էր ունեցել «Հայահավաք», որի ժամանակ մի խումբ քաղաքացիներ փորձել էին մտնել Կառավարության շենք, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների հետ: Քննչական կոմիտեում Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ քրեական գործ էր հարուցվել, ձերբակալվել էին Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը: Նրանց բոլորի, այդ թվում՝ Արագած Ախոյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր:

«Շաբաթ օրը ժամը 7-ին ինձ զանգում են մեր տանից ու ասում են, որ ոստիկաններ են եկել, ինձ են հարցնում, ասացի՝ բացեք դուռը, տեսեք՝ ի՞նչ են ուզում: Խոսեցի ոստիկանի հետ, ասաց՝ Երևանի քննչական բաժնից ծանուցագիր եմ բերել, ծանր հանցագործությունների բաժնից: Ասացի՝ դրան կարգ կա, կանոն կա, պետք է փոստով ուղարկեն: Չէ, շաբաթ օրով, ժամը 7-ին եկել են, հրավիրում են մեզ հարցաքննության, կիրակի, ժամը 4-ին և բոլորիս՝ 5-իս, ովքեր որ ձերբակալվել էին: Կապվեցի փաստաբանի հետ, ինքն էլ տվեց հարցը, թե՝ ինչո՞ւ եք կարգ խախտելով հրավիրում հարցաքննության, այն էլ՝ կիրակի օրով: Հետո հասկացանք, այնքան պրիմիտիվ են, այդ շտապողականությունը՝ ոստիկանների միջոցով մեզ ծանուցելու,  պայմանավորված էր մի հանգամանքով. երեկ Երևանում պետք է տեղի ունենար ինչ-որ քայլերթ, որի կազմակերպիչները հայտարարել էին, որ դա «Հայահավաքի» շարունակությունն է: Այդ ժամին բոլորիս հրավիրել էին հարցաքննության, որ մենք չմասնակցենք,  կամ չկազմակերպենք: Վախներս չեք չափել, անհնար է մեր վախը չափելը, այդ պրիմիտիվ եղանակներով մեզ ոչ կարող եք վախեցնել, ոչ էլ լռեցնել»,- ասաց Ախոյանը:

Նա նշեց, որ հոգնել են քննարկումներից, թե ի՞նչ սխալներ են արել Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

«Էլ չենք քննարկում, մի պահանջ կա՝ ռա՛դ եղեք բոլորդ: Երեկ հայտարարեցին, որ ոչ մի ընտրություն չի լինելու, իհարկե, ձեր միջոցով, ձեզ հետ ոչ մի ընտրություն չի լինելու: Այս հայտարարությունը եղավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որովհետև շան պես վախեցան, բերեցին կոնկրետ բևեռացման՝ ընդդիմադիր դաշտը   և իրենց, խորացավ այդ բարիերը: Կամաց-կամաց էլ չկա, սահմանագիծը գծված է արդեն, կա՛մ ընտրություններ առանց Նիկոլի, կա՛մ  լիքը մեթոդներ կան, որոնց մասին մենք մտածում ենք»,- ասաց Ախոյանը:

Նախկին պատգամավորը վստահեցրեց, որ շարժումը չի մարել, աշխատում են, շուտով կառաջարկեն դեղատոմս:

«Ամոթ չի՞ գողեգող, մարդկանցից փախած, խայտառակ եղած, նվաստացած, միջազգային կառույցներից սկսած, հենց երկրիդ ներսում ժողովրդից նվաստացած, գողեգող երկիր են ղեկավարո՞ւմ: Չեմ ուզում խոսել ձեր ինքնասիրության մասին, որովհետև չկա, գոյություն չունի, եթե լիներ, այսօր ուրիշ պատկեր կունենայինք»,- ասաց Ախոյանը:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններին, թե պաշտոնապես պահանջում է բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց՝ Արագած Ախոյան մի խումբ հարցերով հակադարձեց.

«Բա որ գալիս էինք ամսի 28-ին, էդքան տղերքը զոհվեցին, ինչի՞ չէիր ասում՝ հեռու:  Հայտարարում ես, թե Շոշը պաշտպանված չէր, կես ժամից կլինեին Ստեփանակերտում, իյա, իսկապե՞ս, բա գլխավոր հրամանատարը դու էիր, էս ժողովրդին խաբում էիք, թե լավ ա ամեն ինչ, հաղթելու ենք: Ե՞րբ եք ահազանգել, երբ բանը բանից անցե՞լ էր, երբ ձեր պլաններն իրականացել էր, ամոթ չեք անո՞ւմ դուք, արա, ժողովրդին էշի տե՞ղ եք դրել: Ժողովուրդը հիմար չի»,- ասաց Ախոյանը:

Տեսանյութեր

Լրահոս