«12.000-ից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու հերթին, շատերի տարիքն արդեն անցնում է». ծնող
Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև մի խումբ ծնողներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք դժգոհում էին, որ պետական մանկապարտեզներում ընդունելությունը պատշաճ չի կազմակերպվում: Լուսինե Սարգսյանը, ում երեխան մանկապարտեզի հերթում է 2019-ի սեպտեմբերից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության կանոնները մեղմացվել են, սակայն մանկապարտեզների ընդունելության մասին դեռ հստակ որոշում չկա:
«Մի խումբ մայրիկներով հավաքվել ենք, քանի որ մանկապարտեզներում ընդունելության հարցը դեռ կազմակերպված չէ, հստակ ոչ մի բան ասված չէ, թե ե՞րբ է լինելու ընդունելությունը: Ծնողները մեկ տարի սպասել են կարանտինի պատճառով, հիմա կարանտինն էլի երկարացվել է, ու պարտեզների ընդունելության հարցով ոչ մի բան չի ասվել: Իմ բալիկը գրանցվել է 2 տարեկանում, հիմա 3 տարեկան 5 ամսական է, 1.5 տարի է՝ հերթի մեջ է: Կարանտինի պատճառով ընդունելություն չի եղել: Հերթագրվել ենք մսուր խումբ ունեցող պարտեզում, այսինքն՝ իմ բալիկը դեռ 2019-ին կարող էր հաճախել, չեն կանչել, մեկ տարի սպասել ենք: Հիմա մեղմացվել են կարանտինի բոլոր կանոնները, նույնիսկ դպրոցների համար նոր օրենքներ են մտցվել, որ նորմալ հաճախելիություն լինի, բայց պարտեզների համար ոչ մի բան չեն ասել, խոսքը պետական մանկապարտեզների մասին է»,- ասաց Լուսինե Սարգսյանը:
Նա նշեց, որ շատ ծնողներ մանկապարտեզների ընդունելություն չունենալու պատճառով չեն կարողանում դուրս գալ աշխատանքի, այդ թվում՝ նաև ինքը, սա շատերի համար ֆինանսական խնդիրների պատճառ է դառնում:
«12.000, նույնիսկ ավելի երեխա կա գրանցված, որ դեռ օդի մեջ է, չի հաճախել պարտեզ, իսկ էդ երեխաներից շատերի տարիքն արդեն անցնում է, երեխաներ կան, որ 2-3 տարի հերթի մեջ սպասում են»,- ասաց Լուսինե Սարգսյանը:
Ծնողի խոսքով՝ դիմել են և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարաններ, ստացել են տարբեր պատասխաններ, հիմա հուսահատ վիճակում են:
«Զանգել ենք մանկապարտեզների տնօրեններին, մեկն ասում է՝ անհասկանալի ժամկետով հետաձգված է ընդունելությունը, մեկն ասում է՝ սեպտեմբերին կլինի, մեկն ասում է՝ գարնանը կլինի: Մեզ նույնիսկ ասել են, որ փետրվարի 1-ից կլինի ընդունելություն»,- ասաց նա:
Ծնողների հետ զրուցելու իջավ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանում խնդրին տեղյակ են:
«Քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է, այլև քայլեր է նախաձեռնում, ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր, խմբեր ավելացնելու հետ կապված»,- ասաց Կարապետյանը և ավելացրեց, որ մանկապարտեզների ընդունելություն մինչև օրս չկա հասկանալի պատճառներով՝ կապված համավարակի հետ:
Լուսինե Սարգսյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ր մինչև կարանտինի կանոնների մեղմացումը մանկապարտեզների մասով որոշման գալ, ինչին Կարապետյանը պատասխանեց, թե հասկանում է ծնողի մտահոգությունը:
Երեխայի մայրիկին Կարապետյանի պարզաբանումները չգոհացրին: Նա նշեց, որ բազմաթիվ երեխաներ այժմ հաճախում են մասնավոր մանկապարտեզներ, սակայն դրանք թանկ են ու բոլորին հասանելի չեն:
«Ամեն ծնող հնարավորություն չունի երեխային տանել մասնավոր մանկապարտեզ: Մասնավոր ամենաստից մանկապարտեզի վարձը սկսվում է 70.000 դրամից»,- ասաց նա:
Ծնողներից մեկն էլ ասաց, որ ընդամենը 3 օրում 100 ծնող է համախմբվել այս պահանջի շուրջ:
«Բոլորիս խնդիրը մեկն է, որ վերսկսվի մանկապարտեզների բնականոն ընդունելությունը: Բոլորս էլ ուզում ենք աշխատել, մեր երեխաներին ապահովել: Մեր շարքերում միայնակ մայրիկներ կան, որ երեխային խնամող չունեն»,- ասաց նա: