«Գերիների վերադարձ կլինի, երբ այս ապազգային իշխանությունը կանդալները ձեռքներին դուրս կգա». Գևորգյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ նոր պաշտոն ստանալուն, ասաց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլիներ լույս սփռել նրա նկատմամբ կազմակերպված մահափորձի վրա, հետո նոր պաշտոն ստանձնել:

«ՊԲ հրամանատարի մահափորձը, ինչպես ձևակերպվում էր, դա թողնել մի կողմ և անցնել նոր աշխատանքի, նոր միսիաների, նոր գործողությունների… կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ նախ՝ այդ հարցի վրա լույս սփռվեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են պաշտոն ընդունում մի իշխանությունից, որը չի ծառայում ՀՀ շահերին,  բայց ինչևէ, այդ հարցերը պետք է ուղղել իրենց»,- ասաց Գևորգյանը:

Ռազմական գործչի պնդմամբ՝ արդեն ժամանակն է, որ խոսեն համակարգում աշխատող բարձրաստիճան սպաները: Գևորգյանը նշեց, որ պատերազմները պետությունների միջև սկսվում են տարբեր դրդապատճառներով, և գեներալիտետը պետք է պարզի, թե ինչո՞ւ չկանխվեց պատերազմը:

«Պատերազմը հրահրելու, դրա դրդապատճառների, պատերազմը չկանխելու պատասխանատուները, այդ ամեն ինչի թիկունքում կանգնած են լինում քաղաքական ուժերը, պետք է հասկանալ այդ մարդկանց դրդապատճառները: Հիմա մենք պետք է հասկանանք, թե այսօր իշխանության հետ համագործակցելով ի՞նչ է ցանկանում մեր գեներալիտետը: Իմ կարծիքով՝ գեներալիտետն արդեն պարտավոր է իր հստակ դիրքորոշումը հայտնել: Այսօրվա ապազգային իշխանության քաղաքական գործընթացները գնում են նրան, որ կազմալուծեն բանակը՝ պաշտպանական բանակը, հեղինակազրկեն ՀՀ ՊՆ-ն, մեր բանակը, մեր զինվորին: Այդ ամեն ինչի պատասխանը, դրան հակադարձելը ու վերջ տալը կարող է անել գեներալիտետը՝ իր հստակ ու չոր դիրքորոշումներով: Միայն մեր քաղաքական խոսքը բավարար չէ»,- ասաց Գևորգյանը:

Ռազմական գործչի կարծիքով՝ բանակը պետք է փակ լինի, հատկապես այն պարագայում, որ ունենք երկու ոխերիմ թշնամի պետություններ: Գևորգ Գևորգյանի խոսքով՝ բանակի թափանցիկության ապահովման, հին բարքերի փոփոխության անվան տակ բանակը կազմալուծվում է:

«Այսօրվա իշխանությունը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն է, իրենց բոլոր քայլերը միտված են եղել ծառայելու իրենց տերերին: Այդ է պատճառը , որ հիմա գեներալիտետի խոսքը շատ ավելի կարևոր է: Ես վստահ եմ, որ ՊՆ մեր գեներալներն ունեն արժանապատվություն և պետք է գիտակցեն, որ ժամանակն է իրենց խոսելու»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով մոտ 3 տարի շրջանառվող այն թեզին, թե այս իշխանությունն անփորձ է, դրա պատճառով են սխալներ թույլ տալիս, Գևորգյանն ասաց.

«Անփորձը ժողովուրդն էր, ժողովուրդն էր, ում կարողացան խաբել, լկտիաբար ստել և ստով գնալ այն քայլերին, որ ոչնչացնեն ՀՀ-ն: Անփորձը, պարզն ու միամիտը ժողովուրդն էր»:

Նա նշեց, որ ի սկզբանե չի հավատացել այս իշխանություններին, և հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը կարթնանա ու կպայքարի, որ չոչնչացնեն Հայաստանի Հանրապետությունը: Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Գևորգյանն ասաց, որ այս իշխանությունն այդ խնդիրը լուծել չի կարող:

«Քանի այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանությունը իշխանավարում է, ոչ մի խնդիր ի օգուտ ՀՀ-ի, հայ զինվորի, հայ ժողովրդի, հայ ազգի չի լուծվելու, այդ թվում՝ մեր զինակից ընկերների, մեր զինվորների, մեր մարտական ընկերների խնդիրը: Չեն կարող լուծել նրանք այս խնդիրը, դու որ պարտադրես քո թշնամուն քո զինվորին վերադարձնել,  պետք է ունենաս այդ ուժը, եթե քեզ ծաղրում են ամբողջ աշխարհով մեկ, առավել ևս՝ քո թշնամին է քեզ ծաղրում, դու չես կարող որևիցե բան պարտադրել այդ թշնամուն: Ուժն է ծնում իրավունք, թշնամին պետք է վախենա քեզանից, իսկ եթե չի վախենում, չի պատրաստվում ոչինչ անել: Ի վերջո, այսօր փաստացի այս ապազգայինների դավադիր հարվածների շնորհիվ՝ մեր թիկունքին, էսօր թուրքը համարում է, որ ինքը հաղթել է, իսկ հաղթողին չեն դատում, դատում են պարտվողին, հարցն ուղղում են պարտվողին, ու պարտվողն է ամեն ինչին պատասխանում: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այսօրվա իշխանությունից  իրենց զավակների հետ վերադարձը չեն կարող սպասել: 5, 10 հոգով, կամաց-կամաց երկարաձգելով՝ ոչինչ չի լինի: Գերիների հետ վերադարձը կլինի այն ժամանակ, երբ այս ապազգային իշխանությունը կանդալները ձեռքներին դուրս կգա Կառավարության և ԱԺ շենքերից ու պատախանատվության կենթարկվեն»,- ասաց Գևորգյանը:

Նա նշեց, որ չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների գնալ, քանի դեռ այս իշխանությունը պաշտոնավարում է:

Տեսանյութեր

Լրահոս