«Ամո՛թ», «Հեռացի՛ր». Աբովյանի թիվ 1 դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում է
Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը շարունակում են պահանջել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականը: Այսօր վաղ առավոտից նրանք բողոքի ակցիա էին անցկացնում դպրոցում:
Իրավիճակը հատկապես լարվել էր, երբ աշակերտները տնօրենի աշխատասենյակին մոտենալով սկսել էին բղավել՝ «Հեռացի՛ր», «Արդարությո՛ւն», «Ամո՛թ»: Մեծ թվով ոստիկաններ պահպանում էին տնօրենի աշխատասենյակի մուտքը և թույլ չէին տալիս աշակերտներին առաջ գնալ:
«Մոտ 30-40 ոստիկաններ կատարում են մի քանի հոգու պատվեր և հսկում են ոմանց հովանավորյալների կաբինետ սողոսկելը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նույն դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:
Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ էր հանձնել՝ դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների մասին ավելի մանրամասն տեղեկացնելու նպատակով:
Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, դպրոցի ուսուցչական անձնակազմը ակցիա էր անցկացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ այդկերպ արտահայտելով իրենց դժգոհությունը: Նրանք այն ժամանակ էլ էին հայտարարել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, և, որ իրենց համար սպասելի էր այդ նշանակումը:
Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր ուսուցիչների տարածած տեղեկությունը: Նա մասնավորապես գրել է.
«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ, և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։