«Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քույրը, եղբոր կինը, օգնականը դպրոցի խորհրդի կազմում են». Աբովյանի N1 դպրոցի ուսուցիչները կառավարություն էին եկել

Աբովյան քաղաքի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր դասադուլ և գործադուլ են իրականացրել, ապա ուսուցչական անձնակազմը շտապել էր կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին նամակ հանձնելու:

Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է 2 թեկնածու՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյան քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը:

Երկուսն էլ ստացել են 4-ական ձայն, սակայն դպրոցի տնօրեն է նշանակվել Քարմիլե Առաքելյանը, ով, ըստ հավաքվածների՝ Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է:

«Տնօրենի ընտրություններ են եղել, մեր գործող տնօրենը չի անցել, մի դրածոյի են բերել, մենք էլ հիմա փորձում ենք մեր իրավունքները պաշտպանել: Գտնում ենք, որ մեր տնօրենը շատ լավ է աշխատում, բոլորս սիրում և հարգում ենք նրան, նրա աշխատանքը շատ բարձր ենք գնահատում, ուստի նոր տնօրենի կարիք մեր դպրոցը չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նույն դպրոցում 25 տարի Հայոց լեզու և գրականություն դասավանդող Արմինե Սմբատյանը՝ հավելելով, որ կառավարություն են եկել, որպեսզի դիմումը հանձնեն:

«Կարծում եմ, որ այս հարցն արդարացի լուծում պետք է ունենա, կսպասենք կառավարության որոշմանը: Մենք հեղափոխության օրերին ամբողջ կոլեկտիվով, աշխատակազմով այստեղ ենք եղել, որ այսօր մեր երկրում անարդարություններ չլինեն, մենք ուզում ենք արդար ընտրություններ, իսկ անարդար են այս ընտրությունները, որովհետև խորհրդի կազմում 4 հոգի նշանակվել են նախկին մարզպետի կողմից, նրա ազգականներն են, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քույրն է խորհրդի կազմում, եղբոր կինն էր, նրա օգնականն էր նախկին, 4-ն էլ կողմ են քվեարկել նոր տնօրենին… Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ տարբեր խոսակցություններ են պտտվում, ասում են՝ նոր տնօրենը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, ինքը պետք է դառնա տնօրեն…»:

Դիտարկմանը, որ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ այլևս «միակ թեկնածուով» ձևական մրցույթներն ու արտոնյալ տնօրենների՝ տասնամյակներով մեր դպրոցներում տեր-տիրակալ կարգելու արատավոր պրակտիկան անցյալում է, Աբովյանի N1 դպրոցի ուսուցչուհին ասաց.

«Կարելի է շատ բաներ ասել, բայց ուրիշ բաներ անել, կարող է գործը և խոսքը իրար հակասել: Կարծում եմ՝ այդպես էլ պետք է ասեր, ի՞նչ պետք է ասեր»:

Ուսուցչուհին նաև հայտնեց, որ գրեթե բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև նախկին տնօրենին ոստիկանությունից ծանուցագրեր են ուղարկել.

«Ոստիկանություն են հրավիրել մեզ, նորանշանակ տնօրենը բոլորիս դեմ գործ է հարուցել»:

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը հունվարի 25-ին բողոքի ակցիա էր իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ այդկերպ արտահայտելով իրենց դժգոհությունը: Նրանք այն ժամանակ էլ էին հայտարարել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է, և, որ իրենց համար սպասելի էր այդ նշանակումը:

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հերքելով լուրը, թե նորանշանակ տնօրենն իր կամ իր կնոջ հետ որևէ ընկերային կապ ունի: Նա մասնավորապես գրել է.

«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ, և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։

Տեսանյութեր

Լրահոս