«ՔՊ բոլոր քննարկումներում Ռուբինյանը, Միրզոյանը և Փաշինյանը պարզ ցույց են տվել, որ ՌԴ-ն մեր թշնամին է, իսկ թուրքերի հետ մենք պետք է լավացնենք մեր հարաբերությունները»․ Արթուր Համբարձումյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը տարիներ առաջ, երբ ՔՊ ներսում հարցում է անցկացրել Արցախի հարցի վերաբերյալ, ՔՊ-ականները պրոհայկական պատասխաններ են տվել, բայց դա, ըստ Արթուր Համբարձումյանի՝ չի ենթադրում, թե նրանք հակված են եղել Արցախի հարցի՝ հայկական կողմի համար ընդունելի լուծման։

«Հիմա համարյա ապացուցված է, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և, բնականաբար, թուրքական գործակալը չի կարող ուզենալ Արցախի հարցի պրոհայկական լուծում, բայց որպեսզի իրեն չմատնի, բնականաբար, պետք է ցույց տա, որ ինքը ցանկանում է, որ այդ հարցը լուծվի պրոհայկական եղանակով։ Իշխանության գալուց հետո արդեն իրենց իրական դեմքը երևաց։ Երևաց և՛ Արարատ Միրզոյանի իրական դեմքը, և՛ Ալեն Սիմոնյանինը, և՛Ռուբեն Ռուբինյանինը, և՛ Նիկոլ Փաշինյանինը։ Երբ քննարկումներ էին լինում աշխարհաքաղաքական թեմաներով, Արարատ Միրզոյանը մշտապես հակառուսական, պրոթուրքական, պրոնատօական գծի մեջ էր․ և՛ Արարատ Միրզոյանը, և՛ Ռուբեն Ռուբինյանը, և՛ Ալեն Սիմոնյանը, և՛ Լենա Նազարյանը։ Դա էր պատճառը, որ երբ ես իմացա՝ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, շատ չզարմացա։ Ես շատ զարմացա, երբ իմացա, որ նա նաև ՀՀ ԱԱԾ գործակալ է եղել։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ թուրքական գործակալն այսօր ԱԺ նախագահությունում նստած է, և չէր կարող նա լինել այնտեղ՝ առանց Նիկոլ Փաշինյանի ցանկության։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա կամեցել է, պետք է հաշվի առնենք, որ նա իմանալով հանդերձ է կամեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին անդամը։

Արթուր Համբարձումյանը հիշեց նաև, որ երբ 2015թ․ Թուրքիան ռուսական ինքնաթիռ էր խոցել, ՔՊ-ում եղել են մարդիկ, ովքեր պաշտպանել են Թուրքիային, ոչ թե Ռուսաստանին․ «Մոտավորապես ասում էին՝ լավ են արել, որ խփել են։ Ես գրառում կատարեցի, որը նաև Արարատ Միրզոյանին էր վերաբերում, բայց նա դա հավանել էր, ենթադրում եմ, որպեսզի կասկածներն իրենից հեռացներ։ Բոլոր քննարկումներում նրանք ՆԱՏՕ-ական, պրոթուրքական ուղղվածությունն են պաշտպանել, դա փաստ է։ Բոլոր քննարկումներում Ռուբեն Ռուբինյանը, Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը, հատկապես այս երեքը, պարզ ցույց են տվել, որ Ռուսաստանը մեր թշնամին է, իսկ թուրքերի հետ մենք պետք է լավացնենք մեր հարաբերությունները։ Հիմա դուք կարող եք ասել՝ բա դուք ի՞նչ գործ ունեիք նրանց հետ, ես էլ կպատասխանեմ՝ տասնյակ տղաներ կային, որոնք բացարձակապես չէին կիսում այդ ուղղությունը, օրինակ՝ Արման Բոշյանը, Սիմիդյան Հակոբը, տխրահռչակ Հայկ Սարգսյանը։ Իրենք միգուցե ուրիշ մեղքեր և թերություններ ունեին, ինչպես նաև՝ ես, բայց իրենք այդ պրոթուրքական, պրոնատօական գիծը չէին տանում»։

Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանության վերնախավը կամ թուրքական գործակալներից  է կազմված, կամ թուրքական ազդեցության գործակալներից, կամ ՆԱՏՕ-ի գործակալներից և ՆԱՏՕ-ի ազդեցության գործակալներից․

«Նիկոլն ասում էր՝ հաղթելու ենք, բայց չէր ասում՝ ով է հաղթելու․ իրենք իրապես հաղթեցին։ Նիկոլենք, երբ այդ «հաղթելու ենք» հեշթեգը տարածում էին, իրենք չխաբեցին մարդկանց, իրենք, իրոք, հաղթեցին։ Երբեմն խաբելու ամենաարդյունավետ միջոցը ճշմարտությունն ասելն է։ Երբ, օրինակ՝ կինը զանգում է ամուսնուն և հարցնում՝ հիմա որտե՞ղ ես, ամուսինը պատասխանում է՝ սիրուհուս հետ հյուրանոցում եմ, և իրականությունն է ասում, բայց, բնականաբար, կինը չի հավատում, այսինքն՝ խաբում է՝ իրականությունն ասելով։ Այս մարդիկ մեզ խաբեցին՝ իրականությունն ասելով։ Իրենք, իրոք, հաղթեցին։ Շուշին ընկել էր, բայց ասում էին՝ Շուշին մերն է․ Շուշին իրենցն էր, այդտեղ էլ չէին խաբում։ Եվ հիմա ուղղակի իրենք փորձում են ամեն կերպ պահել իշխանությունը, որովհետև այն մեծ փողեր է իրենց համար և մեծ հնարավորություններ, նաև իշխանության մեջ լինելու անխուսափելի պատժից փորձում են հեռանալ։ Այս մի քանի պատճառները իրենց ստիպում են իշխանությունը չհանձնել, որովհետև պատիժն անխուսափելի է»։

Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունները հանրային աջակցություն չունեին պատերազմից առաջ, իսկ հիմա՝ առավել ևս չունեն․

«Օրինակ՝ Գյումրիում չկա ազդեցություն ունեցող մի մարդ, որն աջակցում է Փաշինյան Նիկոլին, գուցե մոլորյալ մարդիկ կան, որոնք չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, որոնց այնքան են խաբել, որ այդ մարդիկ մոլորվել են, և նրանք, այո, աջակցում են։ Բայց այդ մարդիկ այնքան քիչ են, որ եղանակ չեն փոխում, իսկ հանրային որևէ հայտնի դեմք, որևէ ազդեցիկ մարդ, վստահաբար, չկա, որ աջակցում է նրան։ Իրեն վստահող խավը շատ փոքր տոկոս է կազմում, և այդ մարդկանց վրա նա չի կարող հույս դնել, և ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների թեման էլ նա կփակի, նա չի գնա արտահերթ ընտրությունների, որովհետև արտահերթ ընտրություններում ինքը պարտվելու է»։

Տեսանյութեր

Լրահոս