«Այս պահին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան մարդիկ». Զարեհ Սինանյան

«Ես ծանոթ չեմ այդ թվերին, բայց չեմ զարմանում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փետրվարի 1-ին Հայաստան եկող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել, քան մեկնողներինը:

Հարցին, թե արդյոք պատերազմից հետո ՀՀ ժամանողների և մեկնողների տվյալներ ունե՞ք, Սինանյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց.

«Գիտենք, որ մեծ արտահոսք չի եղել, որովհետև դրա հնարավորությունը նախևառաջ չի եղել: Հիմա, որ օդահաղորդակցությունն ավելի կանոնավոր կլինի և աշխարհը կբացվի, և Հայաստանն էլ աշխարհի համար կբացվի, կարծում եմ՝ ավելի ռեալ պատկեր կստանանք»:

Դիտարկմանը, որ մտավախություններ կան՝ կանոնավոր չվերթերի սկսվելուն զուգահեռ՝ արտագաղթ է սկսվելու, Զարեհ Սինանյանն ասաց.

«Այդ տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ, այսինքն՝ այս պահին ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան մարդիկ, նույնկերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին ավելի շատ էին արտագաղթի ցանկություն ունեցողները, քան այսօր»:

Հարցին՝ եղե՞լ եք օդանավակայանում, տեսե՞լ եք, թե մարդիկ ինչպես են փախչում Հայաստանից, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանեց, որ չի եղել օդանավակայանում, բայց պատրաստվում է լինել:

Ի դեպ, այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ անցած 3 օրերին Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը: Այսինքն՝ մեկնողների թիվն ավելի մեծ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս