«Սատանաների» որս Facebook-ում

Նոյեմբերի 9-ի խայտառակ հակահայկական ու հակապետական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո օրեր շարունակ բունկերից բունկեր վազող ու այնտեղից լայվեր անող Նիկոլ Փաշինյանին թվում է՝ ինքն իր դիրքերն ամրապնդել է այնքան, որ կարող է արդեն զբաղվել այն գործով, որն ամենից շատն է սիրում, ու ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ ընդդիմադիր գործիչների տոտալ որս՝ իրավական «բեսպրեդելի» սանձարձակ կիրառմամբ:

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կարող է Հայաստանի ամբողջ բնակչությանը կամ գոնե թե դրա ճնշող մեծամասնությանը զրկել խոսելու իրավունքից՝ սպառնալով ՀՀ Քրեական օրենսգրքի՝ իրենց իսկ կողմից ներմուծված 226.2-րդ հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը բարեհաջող լուսացրած Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իրենց պահած ֆեյքերի բանակով կարող են մարդկանց ստիպել համակերպվել դավաճանության հետ: Բարեբախտաբար, չի ստացվում:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի (ՔԿ) ղեկավար կազմերը մոլեռանդ ջատագովությամբ լծվել են Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճո կամայականությունների իրականացմանը:

Իրավապահ այս մարմինների ղեկավարները, ովքեր հաստատ լուսանկար կունենան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Ղազանչեցոց եկեղեցու բակում, այնտեղ տեղադրված Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, ովքեր թուրքին նվիրված Շուշիի «Իսայի աղբյուր» ռեստորանում թուրքին հանձնված Հադրութի «Կատարո» գինով հաստատ Արցախի կենացն են խմել՝ իրար հերթ չտալով, իրենց խնջույքներին վստահաբար հայրենիքի ու զինվորի կենացն են խմում, իսկ վերջում անպայման պատվիրում «Պարոնայք սպաներ» երգն ու ոտքի կանգնած լսում այն, շատ հաշտ են հայրենիքի կորստի հետ:

Նույն այս մարդիկ, ում կայանած մեքենայի տեղը եթե ուրիշ մեքենա պատահաբար կանգնի, համաշխարհային սկանդալ կսարքեն, ովքեր իրենց անձնական տան կամ առանձնատան տարածքից 10 սմ հարևանին չեն տա, որովհետև իրենցն է, և ամոթ է զիջելը, կորցրել են  արժանապատվություն, առնվազն 5000 երիտասարդ կյանքեր, հարյուրավոր անհետ կորածներ, գերիներ, ամեն օր իրենց աչքերի առաջ ունենալու են շուրջ 12000 վիրավորներ, որոնց մի մասը՝ հաշմանդամ, հանդուրժում են ՀՀ սահմանների շուրջ 500 կմ երկարելը, ադրբեջանցիների կողմից մեր իսկ ճանապարհներին մեզ սպառնալը, մեր տները խլելը, մեր բոլորիս ու առաջին հերթին՝ իրենց ստորացումը, ու դարձել են իրենց այդ նվաստացուցիչ վիճակում դնող անձի ձեռքի գործիքը ու ընկել ՀՀ շարքային պատվախնդիր քաղաքացիների հետևից:

«Սատանաների որսի» էստաֆետը երեկ հրապարակայնորեն ընդունեց ՀՀ Քննչական կոմիտեն, որը երեկ՝ ուշ երեկոյան, հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հունվարի 14-ին՝ ժամը 23:59-ին, «Facebook.com» սոցիալական կայքում «Տիգրան Գևորգյան» անհատական տվյալներով գրանցված օգտատերն իր կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում է կատարել՝ հետևյալ բովանդակությամբ. «Տպավորություն ունեմ, թե ոմանք ապատիայի մեջ են ընկել ու հաշտվել են պետական հաստատությունները զավթած թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայի գոյության փաստի հետ։ Ստեղծված իրավիճակի մեջ ոչ մի լավ բան, իհարկե, չկա, բայց հուսահատությունն էլ անհիմն է։ Դրանց ճակատագիրը կանխորոշված է․ իրենք պիտի սատկեն,-գրում է օգտատերը և շարունակում,-

Հարցը միայն այն է, թե երբ ու ինչպես։ Եթե սատկացվեն արագ ու մեր ձեռքով, ապա երկիրը փրկվելու շանս կունենա, իսկ հակառակ դեպքում դրանց հենց թուրքերն էլ կսատկացնեն օգտագործելուց հետո, ինչպես բազմիցս արել են նախկին դավաճաններին։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես չեմ պատրաստվում ինքս ինձ զրկել դավաճան սատկացնելու հաճույքից։ Ես կյանքում շատ երազանքներ եմ ունեցել և ունեմ, որոնց մասին գրեթե ոչ ոք չի իմացել ու չգիտի, բայց այսօր դրանք բոլորը երկրորդ պլան են մղվել, իսկ առաջին տեղում դավաճանի արյունը սեփական ձեռքերի վրա զգալու երազանքն է, և սա հենց այն երազանքն է, որը չեմ թաքցնում, որովհետև վստահ եմ, որ այն իրականություն կդառնա։ Երազանքներ ունենալը շատ կարևոր է հենց այսպիսի ծանր ժամանակներում։ Բոլորը պետք է ունենան երազանքներ, որպեսզի մեր երկիրը շարունակի ապրել։ Մարդը հոգեպես մեռնում է, երբ դադարում է երազել։ Այսօր մեր շուրջը շատ կան հոգեպես մեռած մարդիկ։  Հեգելի դիալեկտիկան հուշում է, որ հոգին կարելի է վերակենդանացնել մարմինը սպանելու միջոցով։ Հեգելի անունը տալիս եմ, որ հետո չասեք՝ դասախոս մարդ ես, քեզ չսազող բաներ ես գրում։ Կարող էի Նիցշեի անունն էլ մի ձև կպցնել այս թեմային, բայց չեմ անի։ ՄԱՀ ԴԱՎԱՃԱՆԻՆ»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Վերջում էլ հավելել են, որ «դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով, որն այսօր՝ 2021թ. փետրվարի 2-ին, ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ»:

Այն, ինչ կատարվեց ու դեռ կատարվում է Քննչական կոմիտեի այդ հրապարակման ներքո իրենց իսկ ֆեյսբուքյան էջում, շատ հուզիչ է:

Ենթադրյալ «հանցագործների» մի հսկայական խմբաքանակ ՔԿ ղեկավարության համար շատ մատչելի բացատրեց՝ ինչ է մտածում հարցի մասին, ու եթե ՔԿ-ում չալարեն ու նստեն հաշվեն, կտեսնեն՝ քանի հոգի, ինչ ու ինչ ծավալի է մտածում այն իրավիճակի վերաբերյալ, որի առաջ մեզ բոլորիս կանգնեցրել է իրենց՝ Կառավարական տուն 1 հասցեում իր գոյությունն օրով երկարացնող իշխանությունը:

Նույնիսկ առաջարկ արեցին քննություն սկսել ու նույն հոդվածով հետմահու դատել նաև Սողոմոն Թեհլերյանին:

Թվում էր՝ երեկվա խայտառակությունից հետո ՔԿ-ում դասեր պետք է քաղած լինեին, բայց քանի որ չենք ուզում հավատալ ՔԿ ղեկավարության մտավոր ներուժի սնանկությանը, մնում է հղում տալ վերևից իջնող դագանակի ուժին, քանի որ առավոտը բարի չբացվեց իրավապահ այդ կառույցի համար՝ հերթական ամոթալի հրապարակման տեսքով:

««Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն»,- գրված էր առավոտյան ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Հիմա հարց՝ օրական քանի՞ նման գրառման հետքերով եք գնալու, հարգելի քննիչներ, ու, ամենակարևորը, որպես տուժող՝ ո՞ւմ եք ճանաչելու…

Հայտնի ասացվածք կա՝ կանգ մի առեք, խայտառակվեք մինչև վերջ, իսկ վաղն առաջին իսկ հարմար առիթով չմոռանաք պատվիրել «Պարոնայք սպաներ» երգը:

Տեսանյութեր

Լրահոս