Երկակի ստանդարտներ կոռուպցիայի դեմ «անողոք» պայքարում

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ին 168.amհոդված էր հրապարակել այն մասին, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին իրենց գրասենյակներ բերելու ու նրանց խաղադրույքներին արժանանալու համար։

Դեռևս 2019-ին պարզել էինք, որ խոշոր խաղադրույք անող այդպիսի մի պաշտոնյա է համարվում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգական Ռաֆիկ Մաշադյանը, որն ուներ 10-15 միլիոն դրամի խաղադրույք անելու հակում։

Իհարկե, մեր տեղեկությունը հրապարակելուց առաջ կապ էինք հաստատել անձամբ Ռաֆիկ Մաշադյանի հետ՝ փորձելով ճշտել՝ որքանո՞վ են հավաստի մեր տեղեկություններն առ այն, որ ինքը խաղատներում մինչև 15 միլիոն դրամի խաղադրույք է կատարում:

Հարցը լսելուն պես Մաշադյանը նախ զարմացել էր, ապա հարցրել, թե մեր տեղեկությունը մեզ որտեղի՞ց, ու հավելել.
«Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։

Դիտարկմանը, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսով է շատ մեծ գումարների օնլայն խաղադրույքներ կատարում, իսկ ՊԵԿ վերնախավում նրան գիտեն՝ որպես հայտնի խաղամոլ, Մաշադյանը պատասխանել էր.
«Հերքում եմ այդ լուրերը, ով իմ անունը մատնանշել է՝ գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ»։

Ռաֆիկ Մաշադյանի պատասխանը, իհարկե, չէր նշանակում, որ մեր տեղեկատվությունն իրականությանը չէր համապատասխանում: Այսօր «Հրապարակը» լուսանկար էր հրապարակել, որում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը խաղատանն է։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը՝ Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, որոշ տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։

«Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաև պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը»,- գրել է լրատվամիջոցը:

Ի դեպ, Մաշադյանը ՊԵԿ այն պաշտոնյաներից է, ով հայտնի է՝ որպես խիստ կոռումպացված պաշտոնյա, և տարիներ շարունակ մամուլի հրապարակումների հերոս է դարձել: Հեղափոխությունից հետո շատերին էր զարմացնում այն, որ Նիկոլ Փաշինյանը թեև հեղափոխության օրերին և մինչ օրս անընդհատ խոսում է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, նախկին իշխանությունների օրոք պաշտոնավարած տարբեր գործիչների դեմ ելույթներ է ունենում, գործեր է հարուցում, «ասֆալտին փռելու» պերֆորմանսներ է իրականացնում, սակայն Մաշադյանի պես կոռումպացված պաշտոնյային խնայում է: Պատճառը պարզ է՝ Ռաֆիկ Մաշադյանը Աննա Հակոբյանի ազգականն է:

Տեսանյութեր

Լրահոս