Ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն կա՞, թե՞ ոչ
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման՝ թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։
Մարդիկ, ովքեր ՀՀ կառավարության դիմաց ամիսներ շարունակ «Хочу в Россию» ակցիաներ էին անում, ամիսներ շարունակ զրկվել էին գումար աշխատելու հնարավորությունից և սրտատրոփ սպասում էին այս օրվան․ նրանք վարկեր վերցնելով, սեփական գույքը վաճառելով՝ ավիատոմսի գումար են հայթայթել, որպեսզի կարողանան հասնել Ռուսաստան:
Սակայն նրանք փաստի առջև են կանգնել, քանի որ այն լաբորատորիան, որտեղ COVID-19 թեստ են հանձնել, 168.am-ի տեղեկություններով՝ լիցենզավորված և ներառված չէ «Путешествую без COVID-19» հավելվածում։
Սա, թերևս, ոչ պատշաճ իրազեկման արդյունք է, որը գալիս է հենց ՀՀ կառավարության և մասնավորապես՝ ավիացիոն իշխանության՝ տեղում չլինելուց: Երբ «Ryanair» լոուքոսթերը մուտք էր գործում հայկական շուկա, մի փուլում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը դարձել էր տոմսավաճառ և սկսել էր ներկայացնել էժան գներով ավիատոմսերի առցանց գնման մանրամասները։
Իսկ այս դեպքում, երբ ՌԴ-ի կողմից շուրջ մեկ շաբաթ առաջ ընդունված որոշում կա, երբ այդ ուղղությունից օգտվողները հիմնականում լինելու են աշխատելու նպատակով այնտեղ մեկնողները, որոնց համար դյուրին չէ հավելվածներից օգտվելը, դրա մասին որևէ մանրամասն, պատշաճ իրազեկում չկա:
Իսկ դրա պատճառն այն է, որ ոլորտը ղեկավարում է մի անձ, որը ոլորտից հեռու է և ոչ կոմպետենտ: Ցավոք, Հայաստանը դարձել է պետություն, որը չի կարողանում նույնիսկ լավ քայլերը գրագետ ձևով մատուցել: Դարձել է մի պետություն, որի ավիացիոն իշխանության ղեկավարությունը չկա, բացակա է, ոչնչից տեղյակ չէ և, բնականաբար, ոչ էլ պատրաստվում է ինչ-որ բան տեղեկացնել:
Արդյունքում՝ ժողովուրդը դարձել է խամաճիկ այս ոչ կոմպետենտ ղեկավարների ձեռքում: Ավիաընկերությունն է իր վրա ողջ պատասխանատվությունը վերցնում, քանի որ լավ հասկանում է, որ իրենից բացի՝ որևէ մեկը չի էլ պատրաստվում դա անել:
Եվ վերջապես, սա պետությո՞ւն է, թե՞ բարդակ: Ինչպե՞ս, լավ, ինչպե՞ս եք կարողանում այդքան ապիկար լինելով՝ շարունակել «աշխատել»: