«Վերջին անգամ ե՞րբ եք տեսել, որ Աննա Հակոբյանն ամուսնու կողքը երևա». Հռիփսիմե Առաքելյան
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցերին՝ Ռուսաստան, ապա նաև՝ ԱՄՆ, ասաց, որ չի ցանկանում այդ այցերը մեկնաբանել, քանի որ իր կարծիքով՝ բոլորի համար ամեն բան պարզ է արդեն:
«Մոսկովյան վոյաժներից հետո մենք տեսանք, թե երևանյան այցն ինչով նշանավորվեց, նա այցելեց երկու զոհված զինծառայողի ընտանիք, երեխաներին գրկած ֆոտոսեսիա արեց: Ես գիտեմ, որ շատ ու շատերի հետ են փորձում կապվել, նաև իմ ծանոթ ընկերների ընտանիքների հետ էին փորձել կապվել, ասել էին՝ Աննա Հակոբյանը ցանկություն է հայտնել այցելել ձեր տուն, ցավակցել և այլն, ասել էին, որ հանդիպումը պետք է արձանագրվի տեսանկարահանող սարքերով, այս մարդիկ էլ ասել էին, որ՝ որևէ կերպ մենք դա չենք հանդուրժի, որ դուք գաք և մեր արյան վրա PR-վեք: Նրանք հրաժարվել են գնալ այդ մարդկանց տուն, այսինքն, եթե պետք է չլուսանկարվենք, որ հետագայում մեզ PR անենք, ապա այդ մարդկանց տուն նրանք չեն գնացել: Զգալիորեն քիչ է այն մարդկանց քանակը, ովքեր թույլ են տալիս գալ և ասում են՝ եկեք, լուսանկարահանվենք, իրենք էլ մեծ դժվարությամբ են գտնում այդ ընտանիքներին, որ կարողանան լուսանկարվել: Մոսկովյան այցից հետո եկան Երևան, այցելեցին մի քանիսի տուն, նկարվեցին տարբեր պոզաներով, իրենց պարտքը կատարված համարեցին, և երեկ մամուլից իմացանք, որ տիկին Աննան այս անգամ միայնակ մեկնել է Լոս Անջելես»,- ասաց Առաքելյանը:
Հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում Աննա Հակոբյանը ճանապարհորդում է առանց ամուսնու, Հռիփսիմե Առաքելյանը պատասխանեց.
«Վերջին անգամ ե՞րբ եք հիշում, որ ինքն իր ամուսնու կողքը երևացել է, շատ երկար ժամանակ չեմ տեսել նման բան»:
Առաքելյանը նաև պնդեց, որ Աննա Հակոբյանը, չունենալով որևէ կարգավիճակ, բացի Նիկոլ Փաշինյանի կինը լինելուց, փորձել է իր անձի շուրջ ուշադրություն կենտրոնացնել:
«Շարունակվում են տիկին Աննայի արկածներն ԱՄՆ-ում: Տեսանք, որ «Դավաճան» պաստառներով են դիմավորել: Այդ գլխիկոր կադրերը երբ ես տեսա, տեսա՞ք՝ ինչպես էր վազում օդանավակայանում, գլխիկոր վիճակում, աչքերը չէր բարձրացնում վերև, ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս պետք է ապրեն իրենք,- ասաց Առաքելյանը, վստահ պնդելով, թե ինչ է սպառնում մեր երկրի և ժողովրդի ապագային,- Սրանց մեկ օր ավել մնալը սպառնում է մեր անվտանգությանը»: