«Սա ուղղակի մեկ անձի ցանկություն է և վախերի դրսևորում». Երվանդ Վարոսյանը՝ քաղաքացիներին բերման ենթարկելու մասին

«Նույն իշխանությունը 2.5 տարի հետո դեգրադացվել է այն աստիճան, որ ինքն իր որդեգրած սկզբունքներին, եթե դրանք սկզբունքներ են իհարկե, գնում է հակառակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն այն ժամանակ, երբ Թումանյան-Աբովյան փողոցները փակող  քաղաքացիներին բերման էին ենթարկում ՀՀ ոստիկանները:

Վարոսյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է ոստիկանական այսքան մեծ ուժերի կենտրոնացումը մայրաքաղաքում.

«Տպավորություն է, թե չգիտես ինչ է տեղի ունենում Երևան քաղաքում: Ընդ որում, ոստիկաններն իրենց գործողություններով ավելի շատ փողոց փակեցին, քան քաղաքացիները»:

Լրագրողի դիտարկմանը, թե նախորդ ակցիաներից մեկի ժամանակ դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել քաղաքացիների նկատմամբ, և երբ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը հարցում էր ուղարկել, թե ինչո՞ւ էին այդ ոստիկանները դիմակավորված, պատասխանել էին, թե անվտանգությունից ելնելով էին ոստիկանները դիմակավորված եղել, փաստաբանը պատասխանեց.

«Ես պաշտոնական մեկնաբանություններին վաղուց արդեն չեմ հավատում, բացարձակապես: Ակնհայտ է, որ դա սուտ է, և այդ մարդիկ ոստիկան չեն»:

Լրագրողի հարցին, թե փաստաբանի համար հասկանալի՞ է, թե ոստիկաններն ինչու թույլ չեն տալիս քաղաքացիներին՝ փողոցներ փակելով բարձրացնեն իրենց ձայնը, ի վերջո, օրեր առաջ վարչական դատարանը որոշում է ընդունել, և այս դեպքում ռազմական դրության հետ կապված հակասություններ չկան, փաստաբանը պատասխանեց, որ միակ արդարացումն այն է, որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ ուրիշ պատճառ չկա: Օրենքով խաղաղ ակցիա քաղաքացիներն իրավունքն ունեն անցկացնել, ներկա պահին որևէ արգելք Հայաստանի Հանրապետությունում չկա: Սա ուղղակի մեկ անձի ցանկություն է և վախերի դրսևորում»:

Տեսանյութեր

Լրահոս