«Ոնց Քաջ Նազարին դրեցիք թագավոր, այնպես էլ տարեք դատաստանի». Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց

«Պահանջում եմ, որպեսզի մարդիկ, որ հավաքվեցին այս հրապարակում և այս պատուհասը բերեցին մեր գլխին, հիմա նույն ձև դուրս գան և հայրենիքը վաճառած, հայրենիքը դավաճանած մարդկանց տանեն և դատեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որն այսօր կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարեց:

Զաքարյանն ասաց, որ իր պահանջը ոչ թե վարչապետի հրաժարականն է, այլ նրան դատելը.

«Մարդիկ հավատացել են, մարդիկ խաբվել են, 2.5 տարի ստով կերակրել են մարդկանց, հիմա մարդիկ պետք է իրենց քաղաքացիական պարտքը կատարեն, ոնց որ այս հրապարակում հավաքվեցին և թագավոր կնքեցին Քաջ Նազարի նման, այնպես էլ հավաքվեն, և այն մարդը, ով հայրենիքը վաճառել է, հայրենիքը հասցրել է այս կատաստրոֆիկ վիճակին, այդ մարդուց պատասխան պահանջեն, իսկ պատասխանը մեկն է՝ այդ մարդիկ պետք է դատվեն, բոլոր պատասխանատուները հայրենիքի կործանման համար, իսկ ես սա կործանում եմ համարում»:

Արշակ Զաքարյանի խոսքով՝ ամեն ժամն օրհասական կարող է լինել մեր հայրենիքի համար, նա կոչով դիմեց հայությանը:

«Այն հայրենիքի, այն կտորի համար, որ մնացել է: Հայեր ջան, բարի եղեք՝ ձեր սխալն ուղղեք, եկեք այստեղ հավաքվեք, նույն ձև իրեն ասեք՝ գնա բանտում սպասի քո արդար վճռին: Պետք է լինի դատ, պետք է դատվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել այս ամեն ինչին, որպեսզի մենք բացառենք նման դավաճանական քայլերի կրկնությունը»:

Զաքարյանը նաև խնդրանքով դիմեց մեդիա ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի այլևս չլուսաբանեն Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու գործողությունները:

«Բավական է մարդուն, որը վաճառել է մեր երկիրը՝ հարթակ տրամադրեք: Ինքն օգտվելով այդ հարթակներից՝ բերեց-հասցրեց երկիրն այս վիճակին: Թողեք իրեն իր ֆեյսբուքյան ֆեյքերով: Ինչո՞ւ Ալիևին հարթակ չեք տրամադրում, նույն ձև էլ իրեն չպետք է տրամադրեք, երկուսն էլ նույն բանն են ստորագրել: Իսկ մարդկանց մի բան եմ խնդրում՝ ժամն է, որպեսզի դուք ձեր մեղքը քավեք, ես չեմ ասում՝ դուք հանցագործ եք, բայց եթե շարունակեք, կդառնաք հանցակից: Դուրս եկեք և ոնց Քաջ Նազարին դրեցիք  թագավոր, այնպես էլ հանեք և տարեք դատաստանի»:

Տեսանյութեր

Լրահոս