Արմեն Գրիգորյանն աշխարհի 10 միլիոն հայերին առաջարկում է իրենց նամակներով  Ադրբեջանին ստիպել վերադարձնել հայ գերիներին

Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում մտավորականները: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դիմելով հավաքվածներին ու նաև ողջ հայությանը՝ ասաց, որ հայ զոհված զինծառայողների դիերի և հայ գերիների վերադարձի համար աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է անի այն, ինչ ինքը կարող է:

«Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, իսկ պետք է լուծել ամենակարևոր հարցն այսօր՝ վերադարձնել մեր գերիներին և վերադարձնել զոհված զինվորների դիերը, մենք այսօր խնդրել ենք գալ այստեղ ոչ անտարբեր մարդկանց՝ անկախ իրենց հայացքներից ու մասնագիտությունից, մենք կարծում ենք՝ ժամանակն է, որ արթնանան, այսպես ասած, հասարակ մարդիկ, այն մարդիկ, որոնք իրենք իրենց համարում են հասարակ, հասարակ մարդ չի լինում: Հիմա, երբ որ կրիտիկական պահ է, մենք պետք է լինենք հայ, պետք է անենք այն, ինչ չեն անում ուրիշները: Հիմա կարաք հարցնեք՝ «ես ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ, որ վերադարձնեն մեր մահացած զինվորների դիերը, ես ի՞նչ անեմ, որ ադրբեջանցիները կատարեն իրենց պարտականությունն ու վերադարձնեն մեր գերիներին: Ասեմ: Ես դիմում եմ ոչ միայն այն մարդկանց, որոնք այստեղ են հավաքվել, մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք ապրում են բոլոր երկրներում, երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրներին խնդրանքով, անկախ նրանից, թե որտեղ եք ապրում՝ Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, դիմեք ձեր Կառավարություններին, դիմեք Կարմիր խաչին, դիմեք ՄԱԿ, դիմեք խնդրանքով ձեր կառավարություններին՝ ստիպել Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին: Երկուշաբթի օրը և դրանից հետո այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաև պնդեց, որ կարևոր է յուրաքանչյուրի գործը, և հավատացրեց, որ դա կօգնի:

«Մենք քանի՞ հոգի ենք հայ, այսքանո՞վ, որ այստեղ կանգնած ենք, 2.5 միլիոնո՞վ, որ Հայաստանում ենք, 150 հազարո՞վ, որ Արցախում ենք, թե՞ 10 մլն ենք, որ 30 տարի ասել ենք: Եթե 10 մլն ենք, ապա այդ 10 մլն-ը երկուշաբթի կսկսի գրել նամակներ, ամեն մեկը կգրի իր անունից նամակ, իր խոսքերով, և կխնդրի իր կառավարությանը, որ ստիպեն Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունները՝ վերադարձնել մեր գերիներին և մեր մահացած զինվորների դիերը: Հավատացեք՝ դա կօգնի: Մենք չպետք է լռենք, հերիք եղավ լռենք, մեր ձայնը պետք է լսելի լինի աշխարհում: Անցել է քաղաքական կուսակցությունների ժամանակը, ես չեմ ասում, որ իրենք սխալ են, քաղաքական կուսակցություններ պետք չեն, պետք են, պետականաշինության համար, բայց շատ ավելի կարևոր է, որ մենք Հայաստանում ունենանք հասարակություն, որ ամեն մարդ հասկանա, որ ինքը կարևոր է, ամեն մարդ չի կարող ասել՝ «ես ի՞նչ կարող եմ անել», արե՛ք ինչ կարող եք: Ձեզ ասեմ ավելին՝ արդեն արվում է, օգտագործեք ինչ հնարավորություններ ունեք, ինչ կապեր ունեք, չունե՞ք, ուրիշներն անում են, բարձրացրեք ձեր ձայնը»,- ասաց Գրիգորյանը և որպես ՌԴ քաղաքացի՝ ռուսերենով դիմեց Ռուսաստանի կառավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս