«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը». Պատերազմի մասնակից բժշկի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ,  բժիշկ Տարոն Տոնոյանն անդրադարձավ մի շարք հարցերի, որոնք, իր խոսքով, իշխանությունները փորձում են անպատասխան թողնել:

«Ես ուզում ես հարց ուղղել ՀՀ այդպես էլ չկայացած վարչապետ, դեղին մամուլի էջերի վարպետ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, պատասխանեք այն հարցերին, որոնք բանակի շտաբի պետն ուղղել է Ձեզ, փաստարկներ է ներկայացրել, պատասխանեք նախկին ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոսիի հարցերին, անպատասխան մի թողեք, մենք սպասում ենք այդ հարցերի պատասխանին: Անպատասխան մի թողեք երկրի նախագահ Արմեն Սարգսյանին, ոչ թե շիշ բռնողի մակարդակով, այլ Դուք պատասխանեք, նա Ձեր հրաժարականն է ուզում: Պատասխանեք այն հարցին, որ ՌԴ նախագահը պարզ ասում է, որ Շուշիի հարցը երբեք քննարկման առարկա չի եղել, այսօր Շուշին մեր ձեռքում չէ»,- ասաց Տոնոյանը:

ՀՅԴ անդամը շեշտեց՝ ամենավտանգավորն այն է, որ մեզ ուզում են համոզել, թե մենք պարտվել ենք:

«Այն հարցը, որը ես հիմա պետք է բարձրացնեմ, Լենա Նազարյանը երկու-երեք օր առաջ իր բերանով ասաց՝ որ՝ «այնպես հանձնեինք, պետք է ասեիք՝ հանձնեցինք, դե մենք էլ կռվեցինք՝ վերցրեցին», սա կոչվում է պատերազմի իմիտացիա: Ես մեղադրում եմ իրենց պատերազմի իմիտացիայի համար: Ի՞նչ տեղի ունեցավ: Ժողովուրդ, հիշեք՝ մենք հաղթող ժողովուրդ ենք, պարտվողը Նիկոլն ա՝ իր մանկապարտեզի թիմով: Մենք հաղթող ժողովուրդ ենք, ամենավտանգավորն այն է, որ մեզ փորձում են ասել, որ պարտությունն անխուսափելի էր: Պիտի ասեմ՝ ոչ, հնարավոր էր, վստահ եմ, եթե մենք չունենայինք այս հիմար ինքնաթիռները, որոնք այդպես էլ օդ չբարձրացան, մենք եթե ունենայինք հակաօդային պաշտպանության համակարգերը՝ նախատեսված, որ պետք է գնեինք, մենք պատերազմը կհաղթեինք»,- ասաց նա:

Տարոն Տոնոյանը վստահեցրեց՝ ամենածանր հարձակումների ժամանակ մենք ընդամենը մի քանի դիրք ենք հանձնել՝ հետ գնալով  200-300 հարյուր մետր:

«Ո՞վ բացեց Հադրութի թիկունքը, ինչո՞ւ Ջաբրայիլից մինչև Իշխանաձոր, Սարուշենից մինչև Խորհատ, Հադրութի ամբողջ թիկունքը մնաց դատարկ, դափ-դատարկ, որտեղից որ սողոսկեցին այդ դիվերսիոն խմբերը, որտեղից որ եղավ մեր նահանջը: Ո՞վ է դրա պատասխանը տալու»,- ասաց Տոնոյանը:

ՀՅԴ անդամի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այդ պահին պատերազմը դադարեցնելու դեպքում էլ պահանջվելու է իր հրաժարականը:

«Ամեն անգամ պատրանքներով ապրելով, թե պիտի բեկում մտցնի, որ իշխանությունը պահի, այդ ժամանակ թույլ տրվեցին ամենակոպիտ սխալները»,- ասաց Տոնոյանը:

Բժիշկը նաև հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով պատերազմի օրերին Երևանից ուղարկված դեղորայք էր տարել իրենց:

«Հովիկ, դու հոկտեմբերի  2-ին եկել էիր մոտս, արկղեր կար, որ Երևանից ինձ էին ուղարկել, բժշկական պարագաներով, իր մեքենայից իջեցրեց, մեքենայի մեջ մի քանի բան մնաց, ասացի՝ բա էս ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջաբրայիլ եմ տանելու: Ասացի՝ ի՞նչ Ջաբրայիլ, Ջաբրայիլը հանձնած ա արդեն, ասաց՝ ի՞նչ ես խոսում, Ջաբրայիլը մեր ձեռքում ա, ասեց՝ մի րոպե, զանգեց ստեղ իրա քաջատեղյակ իմքայլականներից իմացավ, որ չէ, Ջաբրայիլը մեր ձեռքում ա, ասացի՝ դե գնա, իհարկե չգնաց: Հետն էլ մի հատ կասկայով, թմբլիկ մեկը կար, Արարատի մարզպետարանում էր աշխատում դրա ախպերը, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, հետը բերեց Երևան, փաստերով եմ խոսում, թող կանչեն՝ պատասխանը տամ: Երկու օր առաջ էդ դասալիք էշը այստեղ Կառավարության դիմաց կանգնած պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, իր նման մի քանի թափթփուկներով»,- ասաց Տոնոյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեզ փորձում են համոզել, որ մենք պարտվել ենք, այդպիսով մեզ պատրաստելով հետագա պարտությունների:

«Մենք չենք պարտվել, հայ զինվորը, հայ գեներալը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, պարտվել է ապաշնորհ Նիկոլ Փաշինյանը՝ իր մանկամսուրի, թուլամորթ թիմի հետ միասին»:

Տարոն Տոնոյանը նշեց, որ հաճախ են իրենց հասցեին մեղադրանքներ լսում, թե եթե հրապարակում հավաքվածները լինեին առաջնագծում, չէինք պարտվի: Նա հակադարձեց, որ Ազատության հրապարակում հավաքված շատերին է ճանաչում, որոնք եղել են առաջնագծում պատերազմի օրերին:

«Նիկոլ Փաշինյան, քեզ հաղթանա՞կ էր պետք, մեզ բոլորիս պետք էր, բայց դու այդ հաղթանակն ուզում էիր բերել տղերքի արյունով: Պատերազմի առաջին օրերին՝ ամսին 27-ից, եղել եմ Ջաբրայիլում, հետո՝ Հադրութում, հետո՝ Ազոխում, հետո՝ Ստեփանակերտում, մինչև էդ դավաճանական ակտի ստորագրումը: Առաջին օրերին բացառապես վիրավորներ էին գալիս, միայն վերին և ստորին վերջույթների վնասումներով, ինչո՞ւ, որովհետև մեր զորքը կանոնավոր կռվում էր, և զինվորները կասկա ու բրոնեժիլետ ունեին, բերեցին էդ խեղճ ՄՈԲ-ի տղերքին, ու սկսվեց կոտորածը, բոլոր տղերքը գալիս էին արդեն կրծքավանդակի ու որովայնի ծանրագույն վիրավորումներով, 28.000 դրամ արժե բրոնեժիլետն ու կասկան: Մեր զոհերի մեծ մասը եղել է կրծքավանդակի ու որովայնի վիրավորումներով:  Մեղադրանք եմ առաջադրում քեզ, ինչո՞ւ բրոնեժիլետ ու կասկա չտվեցիր էդ տղերքին: Նիկոլ Փաշինյան, պատասխանի հարցիս, աշխարհի ո՞ր երկրում ա եղել, որ 2002թ.-ին ծնված, նոր զորակոչված 18 տարեկաններին, ուսումնական գումարտակների երեխեքին, 2-3 ամսվա ծառայող, կրակային պատրաստություն դեռ չանցած, ոչինչ չտեսած, ո՞ւր տարար դիրքերը լցրեցիր, պատասխան տուր: Այդքանից հետո, առանց ամաչելու, առանց խղճի խայթ զգալու, հավաքում ես ստեղ էդ թափթփուկներին:  Նրանց մեջ գուցե մոլորված ազնիվ տղերք էլ կային, բայց ում որ ես տեսա, որ ընդեղ տեսել եմ գոսպիտալի պատերի տակ կուչուրված, տեղեկանք էին մուրում, որ փախնեն Երևան գան, պատասխան եմ տալիս, թող գան կանգնեն դիմացս: Մեկը կար՝ սրիկաների սրիկան, որ ասում էր՝ «սրիկա գեներալները», տո այ թափթփուկ, դու ո՞վ ես եղել, ծնված օրվանիցդ գիտեմ»,- ասաց Տոնոյանը:

ՀՅԴ անդամ բժիշկը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, քանի որ նա ի վիճակի չէ հանել երկիրը ստեղծված իրավիճակից:

Տեսանյութեր

Լրահոս