«Մեր զավակներին կոտորել եք տալիս, որպեսզի հետո PR անե՞ք, թե իբր՝ կռվելով ենք հանձնել: Դուք մա՞րդ եք, թե՞ անասուն». Արծվիկ Մինասյան

«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են այս հարցադրումներով հակադարձել, թե իբր որ իշխանափոխություն լինի՝ եկողները ի՞նչ պետք է անեն. Առաջին կարևոր խնդիրը, որ նոր իշխանությունը պետք է իրականացնի, Հայաստանի արժանապատվության վերականգնումն է: Արտաքին այնպիսի քաղաքականություն, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, որ, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ»,- այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը ընդգծեց. «8 ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը «ապահովեց» 8000 զոհ. 8000 հայ երիտասարդ, հայ մարդիկ զոհվեցին ռազմաճակատում, զոհվեցին կորոնավիրուսից, և սրա թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն են: Հետևաբար, բոլոր այս հանցագործները պետք է կանգնեն դատարանի առաջ, պետք է կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ, նման հանցավոր իշխանության գոյություն մեր երկրում»:

Նա նշեց, որ նոր կառավարությունը պետք է վերականգնի տնտեսության կոտրված ողնաշարը, ստեղծի աշխատատեղեր, ապահովի մարդկանց զբաղվածությունը, եկամուտը. «Ոչ թե այսօրվա նման. Մարդկանց լցրել են տները, արգելել են դուրս գալ, արգելել են բարձրաձայնել խնդիրների մասին: Այս և բազմաթիվ հարցեր նոր կառավարության անելիքն են: Արտաքին պարտքի շեշտակի վերանայում պետք է իրականացնել, հակառակ դեպքում մեր պետությունն այս արտաքին պարտքի բեռի տակ ուղղակի ճկռելու է, չի կարողանալու դուրս գալ: Այս կառավարությունն այս ամենի թիվ մեկ մեղավորն է: Սոցիալական աննորմալ համակարգը պետք է վերափոխվի: Բազմահազար մեր սոցիալապես անապահովներին միացել է այսօր նաև ճակատում վիրավորված, հաշմանդամ դարձած, զոհվածի ընտանիք հանդիսացող անձանց սոցիալական պաշտպանությունը: Այս կառավարությունը ի վիճակի չէ լուծելու այս հարցերը, որովհետև ինքն է ստեղծել այս վիճակը: Ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն մայրերի առաջ, որոնց զավակները նահատակվեցին այս ռազմական գործողությունների ժամանակ: Գլուխ եմ խոնարհում և ուզում եմ վստահեցնել, որ նոր կառավարության առաջնահերթ անելիքներից մեկը պետք է լինի ոչ միայն արժանին մատուցել մեր նահատակվածներին, այլև ամեն ջանք գործադրել, որպեսզի անհայտ կորածների ճակատագիրն ի վերջո ի հայտ գա, բացահայտվի: Այս քանի օրերին ես տեսնում եմ՝ ՊՆ-ից ուղարկում են Կարմիր խաչ, այնտեղից ուղարկում են տարբեր գերատեսչություններ. Այս կառավարությունը, այս մարդիկ չեն հասկանում, որ մարդը իր վշտի մեջ, կոտրված մեջքով փորձում է վերականգնել իր արժանապատվությունը, իր զավակից ուզում է մեկ լուր իմանալ, ու դրա փոխարեն՝ հայտարարում են, որ, եթե ավելի վաղ համաձայնվեինք, ապա մեզ կմեղադրեիք Շուշին հանձնելու մեջ: Այսինքն՝ ինչ՝ մեր զավակներին կոտորել եք տալիս, որպեսզի հետո PR անե՞ք, թե իբր՝ կռվելով ենք հանձնել: Դուք մա՞րդ եք, թե՞ անասուն: Էս երևույթը վերացնել է պետք, էս մարդկանց դատել է պետք՝ օրենքի ամենախիստ նորմերով»:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այս իշխանության հեռացումը ժողովրդի փրկության հարցն է. «Ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակին հավատացել են Նիկոլ Փաշինյանին, նրան ձայն են տվել. Հարգելի հայրենակիցեր, այո, սխալվել եք, ոչինչ, կարող եք այդ սխալը ժամ առաջ ուղղել՝ միանալով այս պահանջին: Ես չեմ գալիս իշխանություն վեցնելու, ես գալիս եմ, ու այս թիմը, դուք բոլորդ գալիս եք, որպեսզի իշխանությունը իսկապես վերադարձնեք ազգային մտածողությամբ, ժողովրդի ամենօրյա հոգսերով ապրող, հայոց պետականությունը արժեվորող այն ուժերին ու անձանց, որոնք ի վիճակի են այս պայմաններում վերականգնել հայ ժողովրդի արժանապատվությունը: Սիրելի Սփյուռք, դիմում եմ ձեզ, դուք շատ եք պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, եկել է ժամանակը՝ առարկայական քայլով, ձեր պահանջներով Հայաստանում վերականգնեք հայ ժողովրդի իրական իշխանությունը: Հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, փրկենք հայ ժողովրդի արժանապատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս