«Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժամանակ ձգի, գնաց սեփական կուսակիցներին, ընկերներին, յուրայիններին զոհողության տալուն». Գեղամ Մանուկյան

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նախարարների հրաժարականների շքերթին:
Հիշեցնենք՝ երեկ Աշխատանքից հեռացվեցին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ավելի վաղ պաշտոնը թողել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժամանակ ձգի, գնաց սեփական կուսակիցներին, ընկերներին, յուրայիններին զոհողության տալուն, երկու օր է՝ նա փոխում է նախարարներ, փոխում է պաշտոնյաներ, բայց մենք չենք տրվելու դրան: Որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Այո, սոցապ նախարարը տապալել է իր գործը, տապալել է տասնյակ-հազարավոր արցախցիներին պատսպարելու, օգնելու գործը, բայց նա չի պարտվել Արցախյան պատզերազմը, Պաշտպանության նախարարն ունեցել է մեծ մեղքեր, բայց նա չի գլխավորաբար պարտվել Արցախյան պատերազմում: Դրա համար պաշտոնյաների փոփոխությունները, մեկը մեկով փոխարինելու Նիկոլ Փաշինյանի այդ սին քայլերը մեր ուշադրությունը չեն շեղում մեր գլխավոր պահանջից, որ նա անհապաղ պետք է հեռանա»,- ասաց Մանուկյանը:

ՀՅԴ անդամն անդրադարձավ նաև վերջին օրերին փողոց փակող և ակցիաներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերին:

«Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար վերջին երկու օրերին, երբ մեր համաքաղաքացիները դիմում են օրենքով չարգելված միջոցների, որ բարձրաձայնեն, որ նա պետք է հեռանա, դիմեց բիրտ ուժի, դիմեց ոստիկանական գործողությունների, բայց ամենաահավորը՝ երեկ ականատես եղանք, թե առանց ոստիկանական տարբերանշանների, առանց որևէ նշանի, որ սա Ոստիկանություն է, դիմակավորված, չինական նինձաների և սամուրայների ձևերով ու հագուկապով, անհայտ ծագման մարդկանց լցրեց ոստիկանատները: Պարոնայք ոստիկաններ, ձեզ լա՞վ է, որ ձեր կողքին, ձեզ հետ գործ են անում ախրաննիկներ, հաստավզեր, ձեր դուրը գալի՞ս է: Ձեր դեմքերը բաց են, բոլորը գիտեն, թե դուք ովքեր եք, բայց նրանց դեմքերը փակ են, նրանց դեմքերը Նիկոլ Փաշինյանը փակում է, ինչպես հարյուրավորներինը փակում է իր աչքերում: Երեկ ամբողջ օրը ոստիկանատները լեցուն էին»,- ասաց Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս