«Մի՛ վաճառեք ձեր արժանապատվությունը, ո՞նց եք նայելու ձեր երեխաների աչքերին». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ չի սիրում հանրահավաքներ. «Ես սիրել եմ աշխատել, փորձել եմ բավարարվածություն ստանալ ինչ-որ մի արժեք ստեղծելով: 2.5 տարի ես աշխատել եմ Շուշի քաղաքում, ես փորձել եմ մի փոքր բան ստեղծել: Ես վստահ եմ, որ դուք նույնպես չեք սիրում հանրահավաքներ»:

Ռուբեն Մելիքյանի ելույթի ժամանակ ոստիկանները հորդորեցին քաղաքացիներին դադարեցնել հանրահավաքը՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է զանգվածային միջոցառումներ անցկացնել:

Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հանրահավաքի բնականոն ընթացքը. «Մենք այս պահին ունենք ռազմական դրություն. Ի՞նչ ռազմական դրության մասին է խոսքը, որտե՞ղ է ՀՀ նկատմամբ ավելի բարձր անմիջական վտանգ, քան, օրինակ, 2 ամիս առաջ: Փառք Աստծո, մեր ռազմավարական դաշնակիցն այսօր իրականացնում է այն, ինչը տապալեց Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երախավորումը, նաև՝ ՀՀ ժողովրդի անվտանգության երաշխավորումը»:

Ռուբեն Մելիքյանը ոստիկանությանը խնդրեց թույլ տալ ավարտել ելույթը. «Դուք արդեն քանի օր է՝ ապօրինի պատասխանատվություն եք կիրառում, և հիշեք նաև պատասխանատվության մասին: Դուք իրավունք չունեք խաղաղ հավաքը խոչընդոտել, որովհետև ռազմական դրությունը շարունակելն ապօրինի է, որովհետև ռազմական դրությունը շարունակվում է բացառապես հավաքները խոչընդոտելու նպատակով»:

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանն ընդգծեց. «ՀՀ-ում քաղաքական, իրավական ճգնաժամ է, բայց ամենակարևորը՝ մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է, որովհետև մարդիկ կորցրել են արժանապատվությունը, աթոռներին կպած՝ փորձում են պաշտոնավարել՝ Արցախը զիջելուց, թշնամու առջև ծնկելուց հետո»:

Նա նշեց, որ 10 տարուց ավելի եղել է դասախոս և փորձել օրինակ ծառայել իր ուսանողներին՝ ներկայիս քննիչներին, դատախազներին ու մյուսներին. «Մի վաճառեք ձեր արժանապատվությունը, ո՞նց եք նայելու ձեր երեխաների աչքերին, սրանք վճռական օրեր են, դուք պարտավոր չեք ապօրինի հրամաններ կատարել, դուք պարտավոր եք դրանք չկատարել»:

Ռուբեն Մելիքյանը դիմեց նաև արցախահայությանը. «Ձեզ դավաճանել են և մեր հայրենիքի արցախյան հատվածը բզկտել են, թողել են մի փոքր կտոր ռեզերվացիա: Խնդրում եմ, վերականգնեք ձեր տոկունությունը, փորձեք վերականգնել այն ոգին, որ եղել է արցախահայության մեջ: Ես վստահ եմ, որ այն ժամանակ, երբ այս ազգային դավաճանության, անպատվության հեղինակները չքվեն մեր աչքերից, չքվեն մեր էկրաններից, մենք այդ պահից արդեն կկարողանանք սկսել մեր արժանապատվությունը վերագտնելու ճանապարհը: Եվ մենք անպայման վերագտնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և հետ ենք բերելու այն, ինչ կորցրել ենք»:

Տեսանյութեր

Լրահոս