Կառավարության «Մեկ անձից գնումներ» էջը, արդեն 50 օր է՝ անհասանելի է
Հայաստանում սեպտեմբերի 27-ից՝ ռազմական դրության հաստատումից անմիջապես հետո, Կառավարության պաշտոնական կայքի «Մեկ անձից գնումներ» էջը դարձավ անհասանելի։
Այսինքն, եթե մինչև ռազմական դրության հաստատումն այդ էջում հրապարակվում էին առանց մրցույթի իրականացված գնումները և հնարավոր էր լինում պարզել, թե Կառավարության համար որ ընկերություններն են նախընտրելի, որոնցից են նախընտրում հրատապ գնումներ իրականացնել ու այդ նպատակով պետական բյուջեից որքան գումար է հատկացվում, ապա ռազմական դրության հաստատումից հետո այդ տեղեկատվությունը դարձել է անհասանելի։
Թե ինչո՞ւ չի գործում «Մեկ անձից գնումներ» բաժինը՝ փորձեցինք մի քանի օր առաջ ճշտել Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչության պետ Արմեն Խաչատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գուցե խնդիրը տեխնիկական է, և կփորձեն հասկանալ։
Կառավարություն մեր հարցադրումից օրեր են անցել, սակայն, «Մեկ անձից» գնումներ էջը շարունակում է մնալ անհասանելի. այստեղից կարելի է անել երկու ենթադրություն՝ կամ Կառավարությունում որոշել են ռազմական դրությամբ պայմանավորված՝ այդ էջը միտումնավոր դարձնել անհասանելի, որպեսզի այս 50 օրերին իրականացված գնումների, պետբյուջեից հատկացված գումարների չափի մասին որևէ մեկը որևէ բան չիմանա, կամ՝ կառավարությունում չկան համապատասխան տեխնիկական աշխատողներ, որոնք ի վիճակի կլինեն 50 օր շարունակ կայքում արձանագրված այդ կարևոր էջի անհասանելիության խնդիրը լուծել։