«Մանվել Գրիգորյանն իրականում Արցախի Ազգային հերոս է, այդ հերոսությունը նա ստացել է իր թողածի դիմաց». Անդրանիկ Քոչարյան
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչորյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց.
«Ես Մանվել Գրիգորյանի հետ ճանապարհ եմ անցել՝ բանակի կառուցման առաջին պահից, մինչև այս պահը: Ինքը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել: Դա ոչ ոք չի կարող ուրանալ, նա իրականում Արցախի ազգային հերոս է, որովհետև այդ հերոսությունն ինքն իր թողած ծառայությունների դիմաց է ստացել՝ սկսած Էդիլլուից, վերջացրած Մարտակերտով»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի հետ վերջին անգամ զրուցել է կալանավորումից առաջ, վերջին շրջանում չի զրուցել:
Պատգամավորը գերադասեց չխոսել քրեական գործերից, փոխարենը՝ խոսեց Գրիգորյանի ավանդից, որը նա ունեցել է Արցախյան հերոսամարտում:
«Այսօր մենք հարգում ենք մի մարդու, ով մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել: Մեր 90-ականների գոյամարտում, երբ ինքն Էդիլլուում էր, ոչ ոք չէր կարող մտածել, որ Հադրութը կարող է ճեղքել ինչ-որ ձև: Ավելի երիտասարդ էինք բոլորս էլ: Երբ Մարտակերտը պետք էր ամուր պահել, 5-րդ բրիգադը ձևավորվեց՝ որպես առաջին պրթոեսիոնալ կառույց, բոլոր ջոկատների հենքի վրա ձևավորվեց առաջին կառույցը, և ինքը ղեկավարեց դա: Այդ 5-րդ բրիգադը կերտեց մեր հաղթանակները՝ շատ-շատ կարևոր հաղթանակներ, հատկապես՝ Մարտակերտի ուղղությամբ: Շատերը կարող է այն ժամանակ ասում էին, որ զոհերը շատ էին, բայց այդ զոհերն արդարացված էին, որովհետև 5-րդ բրիգադի շնորհիվ այդպես էլ հակառակորդին Մարտակերտը չհաջողվեց ճեղքել»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորն ասաց, որ այս պատերազմում մենք կորցրել ենք այն, ինչն այն ժամանակ գրավել էինք:
«Այն ժամանակ մենք ոչինչ չենք ունեցել, ձևավորվել է անվտանգության գոտի, նաև այն հայորդիների, որոնք նվիրեցին իրենց կյանքը Ղարաբաղի այդ ամրությունները մարտի դաշտում կառուցելով, այսօր մենք կորցրել ենք դա: Կարծում եմ, որ այդ հիշողությունները կարող է մի օր համախմբեն մեզ՝ հույս առաջացնելով դրանց վերադարձի մասին»,- ասաց նա: