Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, մտավորականների և սորոսականների մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը հիմա շատ փոքր է:
«Նրան աջակցում են իր թիմակիցները և նրանց մերձավորները և բոլոր այն մարդիկ, ովքեր պարզապես տարիներ շարունակ թույն, չարություն և ատելություն են քարոզել, իսկ երբ եկավ Նիկոլը, ով դարձավ ատելության, թշնամանքի իրենց կուռքը, բնականաբար, իրենք ատամներով պետք է պաշտպանեն իրենց կուռքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը հեռանալու է»
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց. «Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը հասարակության մի մեծ շրջանակի մեջ խորը դեպրեսիա է առաջացրել, մարդիկ ասում են՝ փաստորեն այս մարդը չի ուզում գնալ. ո՛չ, հարգելիներս, այդ իր 6 ամսվա ճանապարհային քարտեզը ուղղված չէր ո՛չ ձեզ, ո՛չ հանրությանը, ո՛չ մեզ, այդ քարտեզն ուղղված միմիայն իր թիմին: Այն թիմին, որի ներսում անասելի խուճապ է, այն թիմին, որ, ինչպես արդեն եղան բազմաթիվ հրապարակումներ, և թիմից մեկն էլ դիմեց օբուդսմենին, որ իր հանդեպ մահվան սպառնալիք է եղել, փորձում են սպառնալիքներով պահել: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, նա հրաշալի գիտի, որ ինքը հեռանալու է, պարզապես իմանալով իր մարդկային որակները՝ նա փորձելու է հեռանալ՝ էլ ավելի ավերածություններ անելով, Հայաստանում հային հայի դեմ հանելով: Մեր քաղաքական ուժերը, ազնիվ մտավորականները, գիտնականները, դասախոսները, ովքեր հասկանում են, թե մենք ինչ աղետի հետ գործ ունենք, մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ամեն կերպ, ցանկացած եղանակով կանխել հային հայի դեմ հանելու Նիկոլի մոլուցքը: Չպետք է թույլ տանք, որ ինքը կարողանա լուծել իր խնդիրը՝ հեռանալ՝ անելով վերջին ավերածությունները»:
«Փաշինյանը սխալվում է»
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումներին, Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ իր կողմից հարգված Արա Այվազյանը, որը, ըստ պատգամավորի՝ շատ պարկեշտ, ազնիվ անձնավորություն է, ինքն իր ձեռքով գրեց իր կենսագրության ամենաամոթալի էջը՝ համաձայնելով մաս դառնալ դավաճանական կառավարության. «Նա մաս դարձավ կառավարության, որը գնալու է, գնալու է շատ արագ, և դրանով իսկ համաձայնեց հավասարապես կիսել Արցախը ծախելու պատասխանատվությունը:
Նիկոլ Փաշինյանը հիմա ընկած՝ մարդ է ման գալիս, որովհետև կարծում է, թե հանրության համար ատելի Արսեն Թորոսյանին, Արայիկ Հարությունյանին կամ այն սոցապ նախարար տիկնոջը փոխելով՝ ինքը կարողանալու է գոնե մի քիչ երկարաձգել իր իշխանավարումը: Ես կարծում եմ՝ ինքը սովորաբար իր հաշվարկներում չի սխալվում, ինքը շատ հստակ կատարեց իր առաքելությունը՝ 30 տարի նախապատրաստելով սրան, բայց այս դեպքում ինքը միանշանակ սխալվելու է, որովհետև հանրությանը այլևս չեն հետաքրքրում ո՛չ Արսեն Թորոսյանը, ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Արսեն Թորոսյանի արած սրբապիղծ հայտարարությունները, ո՛չ Արայիկ Հարությունյանի հիմարությունները, հանրությունն այսօր մեկ պահանջ ունի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, մենք պետք է ունենանք նոր բանակցող, որպեսզի իր դավաճանական պայմանագրերի տողատակերի ականները գոնե կարողանանք ականազերծել: Չի կարող Ալիևի առաջ ծնկի եկած մարդը գնալ-նստել Ալիևի հետ նորից բանակցել, դուք դա ո՞նց եք պատկերացնում»:
Մտավորականության մասին
Անդրադառնալով մտավորականության լռությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեր մտավորականությունը միշտ էլ լուռ է եղել. «Բոլոր ժամանակներում էլ իրենք լուռ են եղել, իրենք լուռ էին Լևոնի ժամանակ, իրենք լուռ էին Ռոբերտի ժամանակ, իրենք լուռ էին Սերժի ժամանակ, իրենք լուռ են Նիկոլի ժամանակ: Իրենք ծափահարել են Լևոնին, Ռոբերտին, Սերժին, հիմա իրենք ծափահարում են Նիկոլին: Հատուկենտ մտավորականներ կան, որոնց ես իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ երբեք չդարձան լաքեյ, երբեք չծառայեցին օրվա իշխանությանը: Այնպես որ, եկեք՝ իրենց վրա առանձնապես հույս չդնենք, մեր մտավորականությունը միշտ եղել է այդպիսին: Գիտեք՝ ինձ համար ցավ էր, երբ ես նայում էի թե ինչպես են ռուս մտավորականները դիմել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին՝ խնդրելով Արցախի հանձնված տարածքների մշակութային կոթողներն առնել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հովանավորության տակ, ի դեպ, մեկ շաբաթ առաջ ես ինքս նույնատիպ նամակով դիմել եմ, իսկ հայ մտավորականությունը այսօր իրենց խոհանոցներում թաքնված՝ թաքուն լսում են ընդդիմադիրների ելույթները, բայց նույնիսկ վախենում են, որ հարևանը չտեսնի, որ իրենք ընդդիմադիրի ելույթ են լսում: Մեր մտավորականության մի մասը միշտ է եղել այդպիսին, այնպես որ, եկեք իրենց հետ հույս չկապենք»:
Սորոսականների մասին
Պատգամավորն ընդգծեց. «Մեր հույսը այն հայ քաղաքացին է, ով հստակ հասկանում է, որ Արցախը վաճառվել է, ով հստակ հասկանում է, որ Շուշին մենք կարող էինք պահել հոկտեմբերի 20-ին, որի մասին ասաց ՌԴ նախագահը, բայց Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք հանձնեցինք նաև Շուշին: Իմ հույսը մեր հասարակության այն սթափ հատվածն է, որը հասկանում էր, որ արևմտյան գրանտներով Հայաստանը տարիներ շարունակ ողողած սորոսական կազմակերպությունները, որոնք հետևողականորեն քարոզեցին ապականում, ովքեր հետևողականորեն քարոզեցին կեղծ խաղաղասիրություն, որոնք Ցեղասպանության «Հիշում և պահանջում եմ»-ից հանեցին «Պահանջում եմ»-ը, որոնք գնացին՝ թուրքի հետ համատեղ պատմության դասագրքեր սարքելու կոնֆերանսների մասնակցեցին: Բոլոր այդ կառույցները Հայաստանում առնվազն տևական ժամանակ չպետք է գործեն, մինչև մենք կարողանանք այս արժեքային կոլապսից դուրս գալ, որը բերեցին այդ կառույցներն իրենց գրանտալափի համար: Երբ նայում եմ ժամանակագրությունը, թե ինչու հնարավոր եղավ այս ամենը, ապա հեղափոխությունից հետո ակտիվացան այդ սորոսական կառույցները, որոնք բերեցին ապականում, որոնք ասացին՝ մեզ ռեգուլյար բանակ պետք չէ, որոնք գնացին և խաղաղասիրություն քարոզեցին ռամիլսաֆարովների հետ, որոնք հայոց պատմությունը պղծեցին, հայ եկեղեցու պատմություն առարկան հանեցին, որոնք արշավներ կազմակերպեցին «նոր Հայաստան, նոր հայրապետ» անընդունելի կարգախոսներով, Վեհափառի սքեմից բռնեցին… այս ամենը արվեց նրա համար, որպեսզի թուլացվի մեր ոգին, մեր բանակի ոգին, և վերջին հարվածը հանձնվի Արցախը հանձնելու համար: Մեծ գործակալական ցանց է բացահայտվելու Հայաստանում, երբ այս իշխանությունը հեռանա, իսկ դա շատ կարճ ժամանակի հարց է»:
«ԱԱԾ-ն պետք է զբաղվի»
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երբ ԱԱԾ-ն վերջապես հասկանա, որ իր գործը ոչ թե ընդդիմադիրներին բռնելն է, ոչ թե փողոցը խաղաղ փակած Դաշնակցության երիտասարդների երթը ցրելն է, այլ զբաղվի իր առաքելությամբ և իր գործով, այդ ժամանակ ԱԱԾ-ն պարտավոր է բացահայտել, թե սորոսական կազմակերպություններն ինչու էին Հայաստանում նման քարոզչություն տանում. «Սորոսի ֆինանսավորմամբ գործող գրասենյակները 2.5 տարի հետևողականորեն հակառուսականություն քարոզեցին, 2.5 տարի հետևողականորեն նրանք սեպ խրեցին Հայաստանի և մեր ռազմավարական դաշնակցի միջև: 2.5 տարի նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղասիրություն քարոզեցին, և հիմա հետահայաց որ ես նայում եմ՝ արդյո՞ք այդ ամենը միայն նրա համար էր, որ իրենց գրանտալափ են տալիս՝ այդ արժքները քարոզելու համար, հիմա հասկանում եմ, որ ոչ, այդ ամենը միտված էր պատերազմից առաջ ունենալու բանակում ահա այսպիսի բարոյահոգեբանական իրավիճակ:
Հիշենք Սորոսի հայտարարությունը պատերազմից որոշ ժամանակ առաջ, թե՝ այս պատերազմում մենք պետք է պաշտպանենք Թուրքիային, քանի որ նա պատերազմում է ՌԴ-ի դեմ: Այս հայտարարությունից հետո անգամ այդ կազմակերպությունները Հայաստանում շարունակեցին իրենց լկտի, մեր արժեքային համակարգի դեմ ուղղված քարոզարշավը, հակառուսական քարոզարշավը, երբ Նիկոլ Փաշինյանը կանգնում-ասում էր՝ Ռուսաստանը պետք է հարմարվի նոր իրողություններին, և սորոսական կազմակերպություններն այդ միտքը տիրաժավորում էին: Մենք պետք է հասկանայինք, որ այս ամենը մեզ բերում և հասցնում է շատ լուրջ աղետի»:
Պատգամավորը շեշտեց՝ այդ կազմակերպությունների գործունեությունը հնարավորինս արագ պետք է վերանայվի.
«Նրանցից որոշները, որոնք կպարզվի, իսկ ես կարծում եմ՝ շատ բան է դեռ ջրի երես գալու, հստակ ապազգային, մեր երկրի ազգային անվտանգության դեմ քարոզչություն են տարել, նրանց գործունեությունը պետք է կասեցվի: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ պետք է գնանք օրենսդրական ճանապարհով և խստացնենք օտարերկրյա կապիտալով խիստ կասկածելի ՀԿ-ների գործունեությունը, հատկապես որ, տվյալ դեպքում մենք հստակ գիտենք, թե ով է կանգնած այդ ֆինանսավորման աղբյուրում և ինչ միսիա ունի տվյալ անձնավորությունն աշխարհում, ինչ է քարոզում: Տվյալ դեպքում նա Հայաստանում իր կազմակերպությունների միջոցով քարոզեց Թուրքիայի շահը»: