«Այդ մարդը լինելու է հնարավորինս բոլորի կողմից ընդունված». Արթուր Վանեցյանը՝ վարչապետի թեկնածուի մասին

«Եթե Նիկոլ Փաշինյանը ամոթ և թասիբ ունենար՝ 1 օր առաջ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից և կթողներ իր պաշտոնը, որովհետև պարտված առաջնորդը չի կարող մնալ առաջնորդ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ մինչ իրենք հանրահավաք են անցկացնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է ներկայացնում, որտեղ նշվում է նաև առնվազն 6 ամիս նրա պաշտոնավարելու մասին:

Հարցին՝ եթե չունի՞ իր թվարկած հատկանիշները, Վանեցյանը պատասխանեց.

«Եթե չունի, մենք կստիպենք, ոնց որ թե չունի, ցավոք սրտի, դրա համար հանրային ճնշման արդյունքում մենք կհասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը կգնա»:

Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքական ուժերից հստակ քարտեզ են պահանջում, որտեղ նշված կլինեն քայլերի հաջորդականությունները, Արթուր Վանեցյանն ասաց.

«Ճանապարհային քարտեզն արդեն կա, քննարկումները գրեթե ավարտվել են քաղաքական ուժերի հետ և առաջիկա օրերին կա՛մ կհրավիրենք մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնենք, կա՛մ մեկ այլ միջոցառման ընթացքում»:

Լրագրողները «Հայրենիք» կուսակցության ղեկավարից հետաքրքրվեցին, թե իրեն մեղադրանք առաջադրվե՞լ է, քանի որ ՀՔԾ էր հրավիրվել:

«Ինձ 225 հոդվածի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել, այն հոդվածով, որով ինձ ձերբակալեցին՝ 307 հոդվածի 4-րդ կետով, որ իբր իմ արարքներն առաջացրել էին ծանր հետևանք, նախաքննական մարմինը չկարողացավ որևէ ապացույց ներկայացնել, ուստի ինձ 307 հոդվածի 4-րդ կետով մեղադրանք չառաջադրվեց: Այսինքն՝ այն ձերբակալությունը, որ կիրառվեց իմ նկատմամբ, առաջին ձերբակալության մասին է խոսքը, ամբողջովին անհիմն էր և մի նպատակ էր հետապնդում՝ ինձ զերծ պահել քաղաքական գործընթացների ակտիվ մասնակցությունից»,- պատասխանեց Վանեցյանը:

Հարցին՝ ժամանակավոր կառավարության կազմում դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք, Վանեցյանը պատասխանեց.

«Մեր քաղաքական ուժն անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Թե ինչ տեղ կամ դեր կամ որտեղ ես կկանգնեմ մեր հայրենիքի փրկության ջատագովների շարքում՝ դա կորոշեն նախ քաղաքական ուժերը, իսկ ամենաառաջինը կորոշի մեր ժողովուրդը: Մենք նման խնդիր չունենք՝ ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու խնդիր չունենք, որովհետև մեծ քաջություն պետք է ունենաս, որ կարողանաս այս քանդված երկիրը, այս «հիվանդ» հասարակությունը, որն այսօր կա, պառակտված հասարակությունը, վերցնես այդ պատասխանատվությունը և կարողանաս ինչ-որ մի բան անես»:

Լրագրողները հետաքրքրվեցին, որպես ազգային համաձայնության կառավարության ղեկավար՝ ո՞ւմ եք տեսնում, ինչին Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այդ որոշումը կկայացվի ինչ-որ մի փուլում, և, որ այս պահին կարող է միայն ասել, որ այդ մարդը լինելու է հնարավորինս բոլորի կողմից ընդունված:

Իսկ հարցին, թե այդ փուլը չի՞ եկել, նա պատասխանեց.

«Այդ փուլն արդեն եկել է, բայց ես կոռեկտ չեմ համարում մենակ հայտարարել ինչ-որ բանի մասին: Շատ հեռու չէ այդ պահը, մոտակա օրերին այդ հայտարարությունը կլինի: Մի բան կարող եմ ասել, որ հնարավոր վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել մի քանի անձ, որոնց մեջ կլինի արդեն ընտրություն…»:

Հարցին, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, արդյոք Մոսկան դրանով չէ՞ր ուզում ասել, որ դեմ է Փաշինյանի հրաժարականին, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ Մոսկվան խառնվում է կամ ցանկություն ունի խառնվելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը պետք է լուծվի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի կողմից…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս