«Եթե Քարվաճառում թուրքերը հաստատվեցին, հաշվեք՝ Վարդենիսի կեսը չունենք». Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ասելու «Նիկոլ, դավաճան», որպեսզի չիջնի նիկոլական մակարդակի. «Կա մի օրենք, որ մարդու հանցանքը դատարանով պետք է ապացուցվի, հետո նոր նրան տրվի այդ պիտակը: Նիկոլը 2.5 տարում բացարձակապես հեղինակազրկեց հերոսականությունը, նրա փոխարեն դնելով հակահերոսին, և գլխատեց բանակը: Դա սկսվեց այն օրից, երբ դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար, որը արմատախիլ էր անում հայն ու հայկականը, փորձում էր ամեն ինչ տանել դեպի թուրքական բարեկամություն և թուրքական մտերմություն: Աշխարհում կա ընդամենը մի ժողովուրդ, որն ամենալավն է ճանաչում թուրքին և թրքությունը, և դա, դժբախտաբար, մենք ենք: Մենք գիտենք մեր կորուստների գինը: Բոլոր նրանք, ովքեր այսօր մանիպուլյացիա են անում, թե՝ դուք նորից պատերազմ եք ուզում, թող ականջներին օղ անեն՝ աշխարհում եթե կա մի ժողովուրդ, որն ամենաշատն է ուզում խաղաղություն, դա հենց հայ ժողովուրդն է»:

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ խելացի, իմաստուն, աշխարհը զարմացրած ժողովրդին ղեկավարելու համար Նիկոլ Փաշինյանի ուսերը շատ էին վտիտ, շատ էին թույլ. «Երբ ասում են՝ Նիկոլը չէ, բա ո՞վ, ես հայտարարում եմ՝ հայ ժողովրդի արգանդը երբեք չի ամլացել, և հայ ժողովուրդը կգտնի նրան, ով Նիկոլից հետո հաստատապես կկարողանա բանակցել: Պարտվածներին արհամարհում են, պարտվածների հետ չեն բանակցում, նրանց ոտքի մի թեթև շարժումով մի կողմ են նետում, որովհետև Նիկոլի բանակցելը մենք արդեն տեսանք՝ խախտվեցին մի քանի օրենքներ՝ խորհրդարանային երկրի օրենքները, ժողովրդին իր տված խոստումը, թե պիտի ձեզ հետ խորհրդակցեմ, նոր մի թիզ հող տան: Ես երբեք դրան չեմ հավատացել: Հուսամ՝ մեծ մասդ երեկ տեսել եք Իլյուշի և Մեհրիբանի շրջելը Ղարաբաղի տարածքով. Դա մարդու սրտին մեխված դաշույնի արժեք ուներ: Ալիևը Ղարաբաղի մասին էր խոսում, իսկ մենք ասում ենք, թե Ղարաբաղից մի փոքր հատված փրկվել է: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից. Դա այն ժողովրդավարությունն էր, որը Գևորգ Գևորգյան հերոսին, որ անչափահաս տարիքից մասնակցել է արցախյան բոլոր հերոսամարտերին, դու նրան տանում ես ԱԱԾ, ինչի՞ն չես վստահում նրա: Զոմբիներից մեկը Աշոտ Մինասյան հրամանատարին էր խորհուրդ տալիս գնալ ճակատ՝ կռվելու, երբ մարդը ճակատից էր եկել: Փաստեր ինչքան ասես՝ կարող եմ բերել»:

Նա դիմեց մտավորականությանը. «Եթե իմ մտավորական ընկերների մեջ կան մարդիկ, որոնք իմ խոսքերից պետք է վիրավորվեն, ուրեմն՝ հազար անգամ թող վիրավորվեն՝ նրանց տեղը այստեղ է, նրանց հեղինակային խոսքը այստեղ պետք է հնչեր: Եթե որոշ մտավորականներ վախենում են իրենց կաշվի համար, ապա այդ կաշին վաղուց վերածվել է մորթիի: Բոլոր այն մտավորականները, որոնք աթոռներից, բազմոցներից, իրենց տան անկյուններում խոսում են այս կառավարության արդեն անտանելիության մասին, թող գան այստեղ բարձրաձայնեն: Իսկ որ այս կառավարությունը անտանելի է, եթե չասեմ՝ շատ վտանգավոր, որովհետև եթե այսօր Ադրբեջանում տեղի է ունենում ստորագրահավաք Զանգեզուրի և Սյունիքի վերաբերյալ, եթե մենք Մեղրիով մեր սահմանը փակեցինք, որտեղ թուրքը պետք է շնչի, ուրեմն՝ մենք շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած, և այդ վտանգը մտնում է մեր դռնից ներս: Բոլոր այն միամիտ մարդիկ, որոնք կարծում են, որ բանակցություններով Նիկոլի՝ հորը գցած քարը հնարավոր է հանել, բավականին շատ են սխալվում, եթե չասեմ՝ առհասարակ, սխալվում են, որովհետև երեկ Պուտինը շատ հստակ հայտարարեց՝ այն կոմիտեն, որը վերահսկելու է խաղաղարարների գործընթացը, լինելու է ադրբեջանական տարածքում և այդ տարածքներից մեկը համարեց այն նվիրատվությունները, որտեղ այսօր շրջում են Ալիևն ու Մեհրիբանը: 5 կիլոմետրանոց Լաչինի ճանապարհին պարզապես պարսատիկով կխփեն հայերին, և դա մեզ համար երբեք կյանքի ճանապարհ չէ: Քարվաճառում եթե թուրքերը հաստատվեցին, հաշվեք՝ Վարդենիսի կեսը չունենք»:

Նա խոսեց նաև վարչապետի տիկնոջ՝ Մեհրիբանին ուղղված հրավերի մասին. «Մի տիկին, որը հավակնում էր լինել ՀՀ առաջին տիկինը, երբ Մեհրիբանին հրավիրում էր Ղարաբաղ մուղամ լսելու և թեյ խմելու, երեկ Մեհրիբանը երբ եկել էր, հրավեր ուղարկե՞լ էր իրեն: Նիկոլ, հեռացի՛ր, փրկիր մեզ քեզնից»:

Տեսանյութեր

Լրահոս